Վաշինգտոնի դաշնակիցներին չհաջողվեց համոզել Միացյալ Նահանգների նախագահին. Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան կատարեց իր հերթական նախընտրական խոստումը՝ հայտարարելով Իրանի հետ միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալու մտադրության մասին:
Նախագահ Թրամփը նաև սպառնաց «նոր թափով վերականգնել» Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, նախազգուշացրեց, թե կպատժի այն երկրներին, որոնք կփորձեն օգնել Իրանին միջուկային զենքի մշակման աշխատանքներում: Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդեց՝ համաձայնագիրը ի վիճակի չեղավ զսպել Թեհրանի միջուկային նկրտումները:
«Մենք ապացույցներ ունենք, որ Իրանի խոստումները սուտ են. ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս կգա Իրանի հետ միջուկային գործարքից», - ասել է Թրամփը, միևնույն ժամանակ հավելել, թե Վաշինգտոնը պատրաստ է, ցանկանում է և կարող է Իրանի հետ նոր գործարք քննարկել, եթե վերջինս դրան պատրաստ լինի:
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը դեռևս նախագահական քարոզարշավից սկսած բազմիցս քննադատել, «խիստ անհաջող և ձախողված» է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, որով նախատեսվում է հետզհետե չեղարկել Թեհրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցները, ինչի դիմաց Թեհրանը երկարաժամկետ ապագայում հրաժարվում է ուրանի հարստացման ծրագրից: Վեց գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ՝ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքը և ապասառեցրել են Իսլամական Հանրապետության՝ շուրջ 100 միլիարդ դոլարի գումարները արևմտյան բանկերում:
Այս պայմանավորվածությունների ընդդիմախոսների, այդ թվում Թրամփի հիմնական առարկությունը ուրանի հարստացման սահմանափակումների վերացումն է: Ըստ փաստաթղթի՝ 10 տարի անց այդ սահմանափակումները կչեղարկվեն, իսկ արդեն 15 տարի անց ՝ փորձագետների հաշվարկներով, Իրանը կրկին հնարավորություն կունենա լծվել միջուկային զենքի ստեղծմանը:
Գործարքից դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի որոշմանը, սակայն, ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ դրանից դուրս ոչ միանշանակ են արձագանքել:
Թեհրանը Սպիտակ տան ղեկավարի որոշումը դիվանագիտական շոու, ապօրինի է որակել ՝ շեշտելով, որ այն հակասում է միջազգային պայմանավորվածություններին և սպառնում խաղաղությանն ու անվտանգությանը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնին մեղադրել է ստանձնած պարտավորությունները մշտապես չկատարելու մեջ, մինչդեռ Թեհրանը կշարունակի գործել համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է Իրանի նախագահը:
Համաձայնագրին իրենց հավատարմությունն են հաստատել նաև պաշտոնական Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը, Մոսկվան ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Մինչդեռ Իրանի հետ համաձայնագիր կնքելուն ի սկզբանե ընդդիմացող Իսրայելը ողջունել է Թրամփի որոշումը և իր աջակցությունը հայտնել դրան:
«Նախ Ամերիկան, ապա մյուսները» կարգախոսի ներքո Նահանգների նախագահ ընտրված Թրամփը, ով հիշեցնենք՝ ավելի վաղ Վաշինգտոնը դուրս է բերել Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից և Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագրից, շարունակաբար պնդում է, որ իրանական գործարքը ձեռնտու է միայն Իրանին, և որ այն այդպես էլ հանգստություն և խաղաղություն չի բերել և երբեք էլ չի բերի:
Հակադարձելով Վաշինգտոնից հնչող հայտարարություններին՝ այսօր հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը, հերթական անգամ հավաստիացնելով, թե Թեհրանը կատարում է պարտավորությունները, որոնք ստանձնել է միջուկային ծրագրի շուրջ վեց գերտերությունների հետ կնքված համաձայնագրով: Գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն տարածած հայտարարությամբ կրկին հերքել է Թրամփի պնդումները՝ ընդգծելով, թե համաձայնագիրը «մեծ հաջողություն է», որը թույլ է տվել վերահսկողություն հաստատել Իրանի միջուկային պոտենցիալի նկատմամբ: