Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաքվում այսօր կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինպես նաև Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներն ու երկաթուղային ուղիները։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի տարածքի ականազերծման աշխատանքներին և տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնմանը Իրանի մասնակցության հնարավորությունը։
Իրանի արտգործնախարարը վաղը ժամանելու է Հայաստան։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Իրանը, խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում՝ հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում: