Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժի ներխուժմանը ՀԱՊԿ-ը ընդամենը արձագանքեց մտահոգության մասին հայտարարությամբ  


Մեկ շաբաթից ավելի է ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանը ենթարկվել է ադրբեջանական զինուժի հարձակմանը, ինչպես այսօր պարզվեց, ադրբեջանական 600 զինվորականներ այլևս դիրքավորված են Հայաստանի տարածքում, բայց Ռուսաստանի գլխավորած դաշինքը ընդամենը բավարարվեց մտահոգություն հայտնելով և անգամ կոչ չանելով Ադրբեջանին դուրս բերել իր ստորաբաժանումները ՀԱՊԿ անդամ-պետության տարածքից, ինչպես որ արել են ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները։

Չնայած այս հանգամանքին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, թե Հայաստանի դիվանագիտական աշխատանքը համարում է հաջողված․ - «Համարում եմ հաջողված: Ինչո՞ւ՝ որովհետև, ըստ էության, միջազգային մեր գործընկերների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները նույնական են, այն է՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»:

Երեկ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստան - Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը քննարկվեց, սակայն, Փաշինյանի բնութագրմամբ՝ ճգնաժամի վերաբերյալ կազմակերպությունը որևէ հայտատրություն այդպես էլ չընդունեց, թեև ընդունեց չորս հայտարարություն՝ Նյուրնբերգի ռազմական տրիբունալի կայացած վճռի 75-ամյակի, կենսաբանական և քիմիական զենքերի արգելքի կոնվենցիայի ամրապնդման, պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության, և վերջապես՝ Ռուսաստանի ու ԱՄՆ միջև 2010թ. ստորագրված ռազմավարական նշանակության հարձակողական սպառազինության հետագա կրճատման պայմանագրի շարունակման մասին։

Փաստորեն, ՀԱՊԿ-ի համար ավելի կարևոր է հայտարարություն ընդունել Նյուրնբերգի ռազմական տրիբունալի կայացած վճռի 75-ամյակի կապակցությամբ, քան անդամ պետության դեմ տեղի ուենցած ագրեսիայի։

Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին անդրադարձ կատարվեց ընդամենը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության տեսքով, թե դաշինքում մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակով, հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը և ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցությունները և մտադրությունը` հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

Մինչև 2020թ. հունվարին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելը Ստանիսլավ Զասը, ով դեռ 1985թ. ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, ավելի քան չորս տարի՝ 2015-ի նոյեմբերից, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն էր, մի ժամանակաշրջան, երբ ՀԱՊԿ անդամ Մինսկը Մոսկվայից հետո դաշինքնի անդամ երկորդ երկիրն էր Ադրբեջանին մատակարարած հարձակողական սպառազինության ծավալով։

ՀԱՊԿ արտգործնախարարների նիստի օրը Բաքվում էր Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը՝ հավաստիացնելով, թե Մինսկը եղել է և կշարունակի մնալ Ադրբեջանի հուսալի գործընկերը։ Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաապարկեց տեսանյութ, թե Խրենինն ու ադրբեջանցի իր գործընկեր Զաքիր Հասանովը ինչպես են այցելել բելառուսական «Պոլոնեզ» համակարգերով զինված ադրբեջանական զորամաս։

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լայնորեն կիրառում էր «Պոլոնեզները» հայկական զինուժի դեմ, հայկական կողմի հաղորդմամբ՝ նաև խաղաղ բնակավայրերի, օրինակ, Ստեփանակերտի դեմ։

«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը, առանց զինված դիմադրության դիմելու, դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են Հավաքական անվտանգութան պայմանագրի կազմակերպության պայմանագրերից, կիմանան, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու», - կառավարության նիստում այսօր նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները նախորդ օրերին այդպես էլ հստակ չմանրամասնեցին, թե Երևանը ինչու է դիմել ՀԱՊԿ-ին «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի հիման վրա, որն ընդամենը նախատեսում է համատեղ խորհրդատվություններ, այնինչ գոյություն ունի նույն պայամանագրի չորրորդ հոդվածը, որը անհապաղ ռազմական օգնություն է նախատեսում ՀԱՊԿ անդամ որևէ երկրի դեմ հարձակման դեպքում։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի ընդգծմամբ՝ անկախ ՀԱՊԿ արձագանքի բնույթից, փաստն այն է, որ դաշինքը արձագանքեց ագրեսիայից ավելի քան մեկ շաբաթ անց․ - «ՀԱՊԿ-ը չի ապահովելու մեր անվտանգությունը։ Եթե նախկինում գտնում էին ինչ-որ բացատրություններ, ես խոսում եմ առաջին հերթին Ռուսաստանի մասին, ֆորմալ ասում էին՝ ՀԱՊԿ-ը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա։ Հիմա Լեռնային Ղարաբաղի մասին չի խոսքը, հիմա բուն Հայաստանի տարածքի մասին է խոսքը, ու այստեղ էլ ՀԱՊԿ-ը ռեալ ոչ մի բան չարեց»։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ այն, որ ՀԱՊԿ-ը որպես կառուց ձախողեց անգամ մի հայտարարություն ընդունել Հայաստանի վերաբերյալ, վկայում է, որ դաշինքի որոշ անդամների համար հարաբերությունները Ադրբեջանի հետ ավելի կարևոր են․ - «Ես էն մտքին եմ, որ սա դեռ ամենանեղ օրը չէ։ Եվ եթե մենք էսօրվա դրությամբ կարողանում ենք հասկանալ, որ մեր անվտանգության ճարտարապետության մեջ կա հիմնարար խնդիր․ այն անվտանգության ամրագոտին, որը մենք միշտ հավատացել ենք, կամ համարել ենք, կամ մեր հաշվարկների մեջ ունեցել ենք, իսկ իրականում չունենք, միգուցե էդ դեպքում ժամանակն է, որ այսօր օր առաջ էդ անվտանգության ճարտարապետությունը վիրահատական մեթոդներով փոխելու»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG