Մատչելիության հղումներ

Այվազյան. «Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգությանը»


Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները սկսել են քննարկել դեռ երեկ երեկոյան՝ ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում:

Մինչև նիստի մեկնարկը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր առավոտյան հայտարարել է, թե պաշտոնական Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դեմարկացիայի գործում:

«Կողմերի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում օժանդակություն է առաջարկել։ Մենք հանդես ենք եկել այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկով, որում Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու կամ միջնորդ», -Դուշանբեում առավոտյան հայտարարել է Լավրովը։

Պաշտոնական Երևանը Մոսկվայի այս առաջարկին արդեն արձագանքել է․ Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Այսօր Տաջիկստանի արտգործնախարարի հետ ասուլիսին Լավրովը նաև ասել է, թե Ռուսաստանը տեղեկացրել է ՀԱՊԿ գործընկերներին այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվում են սահմանի միջազգային-իրավական ձևակերպման բացակայության հետևանքով ծագած միջադեպը հարթելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Այսօրվա նիստը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաքում, քանի որ Տաջիկստանն այս տարի նախագահում է կազմակերպությունում։

Ավելի վաղ Հայաստանը, ՀԱՊԿ կանոնադրության երկրորդ կետին հղում անելով, օգնության համար դիմել էր կազմակերպությանը՝ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման պատճառով: Սա առաջին անգամ է ՀԱՊԿ-ի պատմության ընթացքում, երբ կազմակերպության անդամ պետությունը դիմում է երրորդ՝ ոչ անդամ պետության գործողությունների պատճառով։

Խնդիրը, սակայն, նրանում է, որ այդ երրորդ պետությունը բարեկամական հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ պետությունների մեծ մասի հետ։ Օրինակ՝ երեկ Բաքվում էր Բելառուսի պաշտպանության նախարարը և նրա այցի շրջանակներում երկու կողմերը ոգևորությամբ խոսում էին ադրբեջանա-բեառուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին։

Այսօրվա նիստին հայկական կողմը ներկայացրել է իրա դիրքորոշումը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մանրամասն ներկայացրել է ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով իրադրության լարումը:

«Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար», - նշել է նախարարի պաշտոնակատարը:

Նիստի ավարտից հետո կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե կազմակերպությունը տագնապով է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանում տեղի ունեցող զարգացումներին և հավելել, որ ՀԱՊԿ-ը ողջունում է սահմանային հարցերի շուրջ Ռուսաստանի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները և այն, որ որոշ տեղերում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանցիների հետ քաշվելու շուրջ:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ադրբեջանցի զինվորականները դեռ մինչ օրս Հայաստանի տարածքում են: Հայաստանի դաշնակից Ռուսաստանը կոչ է անում չչափազանցնել սահմանին տեղի ունեցած միջադեպը և միջնորդական օգնություն է առաջարկում։ Իսկ ռուսական մամուլն էլ, հղում անելով ռուս փորձագետներին, տարակուսում է, թե ինչո՞ւ է նման խնդրանքով Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին և Մոսկվային ու չի կասեցրել ադրբեջանցիների մուտքը սեփական ուժերով։

Ի դեպ, ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Новая газета թերթին տված հարցազրույցում ասել է. «Այս անգամ, առաջին անգամ խոսքը գնում է հայկական հողերի մասին, որոնց պատկանելիությունը չի վիճարկվում ոչ մեկի կողմից, միջազգային հանրության կողմից այդ տարածքը դիտարկվում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք»:

Սրա հետ մեկտեղ Բորդյուժան հավելու է. «Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը, ինչպես և ՀԱՊԿ բոլոր պետությունները, ԱՊՀ անդամ է: ԽՍՀՄ կազմում ընդգրկված ցանկացած պետության դեմ կոլեկտիվ ուժերի կիրառումն ամենածայրահեղ միջոցն է, միշտ պետք է ձգտել հակամարտությունը լուծել քաղաքական միջոցներով, ինչն էլ հիմա տեղի է ունենում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG