Մատչելիության հղումներ

ՊՆ-ն կոչ է անում չայցելել սահմանային հատվածներ, «որտեղ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքներ»


Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, «որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքներ»:

«Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն», - ասված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում, ՊՆ-ն ընդգծում է, որ ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով. «Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները»։

Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը այդ տարածքներ։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG