«Շատ վատ ենք, անհանգիստ։ Էս րոպեիս իմ եղբայրը սարում անասուն ա պահում։ Շատ վտանգավոր ա», - «Ազատությանն» ասաց համայնքի բնակիչներից մի կին։
«Մենք փախստական ենք, Ադրբեջանից ենք էկել ստեղ։ Նույնը հիմա ա շարունակում։ Արդեն վախենում ենք։ Հենա էրեխեքը տունը, չգիտենք հանե՞նք, մնա՞նք», - հավելեց մեկ այլ կին։
Նրանց համագյուղացին հավելեց․ - «Մենք պահանջում ենք, որ մեր ղեկավարությունը թողեն իրանց կռիվը, հիմի մտածեն գյուղացիների, մտածեն ժողովրդի մասին․․․ Հետո իրենք կռիվը կտան։ Ներկա դրությամբ եթե մեր ղեկավարությունը զբաղված ա ուրիշ գործերով, իրանք իրանցը առաջ են տանում»։
Կութում մոտ 150 բնակիչ է ապրում։ Մարդիկ հիմնականում զբաղված են անասնապահությամբ։ Արոտավայրերը դեռ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ են անցել Ադրբեջանին, երբ հայկական կողմը զիջեց Քարվաճառը։ Մնացած մասում էլ ադրբեջանցի զինվորականները հաստատվել են վերջին երկու օրերին։ Գյուղացիներն ասում են՝ անասունը գոմում է մնացել:
Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ուժերը սահմանը հատել են նաև Վերին Շորժա բնակավայրի հատվածում: 3-4 հարյուր մետր առաջ են եկել: Պատերազմից վեց ամիս անց հակառակորդն ինչպես է սահմանը հեշտ ու հանգիստ անցել ու որևէ դիմադրության չեն հանդիպել:
Սահմանները չե՞ն պաշտպանվում, հարցրինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:
Մարզպետը պատասխանեց․ - «Իրենց հետ որևէ տեխնիկա չկա։ Իրանք ուղղակի ոտքով են եկել։ Մեր սահմանները ոչ թե անպաշտպան են, այլ հաշվի առնենք, որ մենք ունենք բարդ ռելիեֆ՝ խորը ձորեր, կիրճեր, լեռնագագաթներ։ Եվ մյուս կողմից, նրանք էն հատվածում, որտեղ չէին տեղակայվել, էկել են էդտեղ և․․․ տրամաբանական էր, որ էդտեղ կարող են գալ։ Որից հետո ուղղակի լանջով որոշակի մետրեր առաջացել են մեր ուղղությամբ։ Դիմադրություն այնքանով է եղել, որ երբ որ մերոնք տեսել են կա էդպիսի շարժ, մերոնք էլ են էնտեղ, և հիմա էդ հատվածներում իրար դիմաց նստած են»։
Հայկական կողմը երկու օր է ադրբեջանցիների հետ բանակցում է, բայց ապարդյուն: Հայաստանի սահմանը հեշտ ու հանգիստ հատած ադրջանցիները չեն հեռանում: Մարզպետն ասաց՝ իրավիճակը նույնն է, կեղծ քարտեզները ձեռքներին պնդում են՝ իրենց տարածքն է․ - «Իրենք էկել են սահմանագծին մոտ, որտեղ պետք է տեղակայվեին, բայց սահմանագծից որոշակի առաջ են եկել։ Էնտեղ բարդ, խառը ռելիեֆ է, և իրենք պնդում են իրենց քարտեզներով, որ էդ հատվածում պետք է տեղակայվեն։ Մերոնք դրա հետ համաձայն չեն»։
Բանակցողների թվում է եղել Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: Համայնքապետն ավելի մարտական է տրամադրված: Եթե հակառակորդը փորձի ավելի առաջ գալ, հակահարված պետք է տալ․ - «Օրվա երկրորդ կեսից սկսած բանակային կորպուսի հետ ամբողջ համայնքի շինարարական տեխնիկայով, մեր միջոցներով և բանակային կորպուսի միջոցներով ամրացնում ենք մեր դիրքերը։ Եթե նորից կրկնվեց որևիցե քայլ առաջ թշնամու կողմից, շատ լուրջ հակահարված կստանան։ Ես պաշտոնապես ասում եմ դա»։
Համայնքապետի խոսքով, նոյեմբերից Ադրբեջանին սահմանակից դարձած Գեղարքունիքի մարզի այս հատվածում սահմանի բարեկարգման աշխատանքները մեծ թափով նոր պետք է սկսվեին՝ պատերազմից վեց ամիս անց․ - «Պաշտպանության նախարարության կողմից հավանություն ստացել էր, որ անմիջապես ձնհալքից հետո էնտեղ մեծածավալ աշխատանքներ․․․ բայց ամբողջ ձմեռվա ընթացքում իրենց կողմից սահմանները պաշտպանված չեն եղել, բայց մեր կողմից կանգնած են եղել։ Նույնիսկ ամենասուղ պայմաններում մեր բանակային կորպուսը և՛ սմենափոխ ա արել, և՛ էնտեղ սնունդ ա հասցրել հատուկ տեխնիկայով»։
Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Սև լճի տարածքից բացի, ադրբեջանական ուժերը սահմանների ճշգրտման պատրվակով հերթական սադրանքն են իրականացրել նաև Գեղարքունիքի բնակավայրերի ուղղությամբ։ Հայաստանի զինված ուժերի գործողությունների արդյունքոմ առաջխաղացումը կասեցվել է: Ստացվում է՝ հակառակորդին հաջողվել է մխրճվել 2 կիլոմետր դեպի Կութ, մի քանի հարյուր մետր՝ Վերին Շորժա:
Մեզ արգելվեց նկարահանումեր անել Վերին Շորժայում, Կութում թույլատրվեց մասամբ: Կութի մուտքը հսկում էր ռազմական ոստիկանությունը։