Մատչելիության հղումներ

Երեկ ադրբեջանցիները Գեղարքունիքի Վերին Շորժայի և Կութի հատվածներում, ըստ մարզպետի, որոշակի առաջխաղացումներ են ունեցել


Երեկ կեսօրից հետո ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի և Կութի հատվածներում դիրքային աշխատանքների անվան տակ որոշակի առաջխաղացումներ և դիրքավորումներ են ունեցել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հիմա նման է արդեն Սյունիքի իրավիճակին․ իրենք մեր տարածքում են: Համապատասխան աշխատանքներ են արվում և սպասում ենք նաև բանակցությունների արդյունքին՝ հասկանալու համար, թե ինչպիսի ելք կունենանք», - ասաց մարզպետը։

Հարցին, թե ադրբեջանցիները քանի՞ կիլոմետր են մխրճվել Հայաստանի սահմանից ներս, Սանոսյանը պատասխանեց․ - «Կարծես մեզ մոտ ամենամեծ տարածությունը, որ առաջ են եկել, Կութի հատվածում է, մոտ 2 կիլոմետրի չափ, մյուս հատվածները շատ ավելի քիչ են, ենթադրենք՝ 100,200, 300 մետր»:

Հիշեցնենք՝ մարտի 12-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում, լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները մոտ 3 կիլոմետր առաջ են եկել Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժայի հատվածում։ Գեղարքունիքի մարզպետն ասել էր, որ լարվածություն չկա, պետական սահմանը պահպանվել է։

Սանոսյանն այսօր մանրամասնեց․ - «Մայիսի 12-ին միայն Վերին Շորժայի երեք-չորս դիրքային հատվածներում իրենք աշխատանքներ էին անում, վայրեր էր, որտեղ նրանք ձմռանը չէին տեղակայվել և եկել էին այնտեղ տեղակայվելու։ Հաշվի առնելով, որ պետք է ուշադիր լինել, որ իրենք այլ վայրեր չտեղակայվեին, մեր զորքերն իրենց հետ աշխատում էին, որոշ հատվածներում կար անհամաձայնություն, կարծես թե շտկվեց, նրաք հետ գնացին և մնաց մի հատված, որտեղ որոշակի վիճարկելի հարց կար, պայմանավորվեցին, որ առավոտյան նրանք դուրս կգան։ Սա մայիսի 12-ի մասին է խոսքը։ Երեկ առավոտյան, որ մենք սպասում էինք, որ այդ հատվածից դուրս կգան, բայց օրվա մեջ կարծես այստեղ Սյունիքի կրկնությունը սկսվեց․ երեկ Վերին Շորժայի և Կութի հատվածում նրանք դիրքային աշխատանքների անվան տակ որոշակի առաջխաղացումներ և դիրքավորումներ ունեցան, դրան մեր կորպուսն արձագանքեց, էդ հատվածում մեր ուժերն ավելի կենտրոնացան»։

XS
SM
MD
LG