Մատչելիության հղումներ

Հայաստանում սննդամթերքի թանկացման տեմպն արագացել է  


Չնայած իշխանությունների ձեռնարկած քայլերին, երկրում հատկապես սննդամթերքի թանկացումը ոչ միայն չի վերադարձել նախատեսված շրջանակ, այլև՝ արագացել է։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն, այս ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները Հայաստանում աճել են 8,3 տոկոսով, այն դեպքում, երբ մարտին՝ 2020 թվականի մարտի համեմատ գնաճը կազմել էր 7,4 տոկոս, փետրվարին՝ նախորդ փետրվարի համեմատ 7,8 տոկոս, իսկ հունվարին՝ նախորդ հունվարի համեմատ 6,4 տոկոս։

Այս տարվա ապրիլին՝ 2020 թվականի ապրիլի համեմատ, օրինակ, արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը կազմել է 73,5 տոկոս, ձուն թանկացել է 55,7 տոկոսով, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գները աճել են 41 տոկոսով, մրգի ապրանքախմբում արձանագրվել է 10,4 տոկոս գնաճ, հացի և ալյուրի գնաճը կազմել է համապատասխանաբար 8,1 և 9,9 տոկոս, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 9,2 տոկոս գնաճ, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում արձանագրվել է 8,8 տոկոս գնաճ, բանջարեղենի ապրանքախմբում թանկացումները կազմել են 8,5 տոկոս և այլն։

Թե նման թանկացումների մասին մարդիկ ինչ են մտածում, այսօր փորձեցինք պարզել Երևանի փողոցներում։

«Մի ժամանակ լինում էր էդ 5000 դրամին մի շարք բաներ գնել, իսկ այս պահին, կարելի է ասել, ամենաշատը 4 կտոր ապրանք ես գնում», - ասաց հարցվածներից մեկը:

«Շուտվանից ա թանկացել, արդեն, կարելի ա ասել, 2,5-3 ամիս», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Մեկ շաբաթ առաջ լրագրողներին հրավիրելով հանդիպման՝ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը, ըստ էության, սենսացիոն հայտարարություն արեց, թե այս տարի չի հաջողվի գները զսպել, որպեսզի այն մնա ծրագրված տարեկան 4 տոկոսի շրջանակում։

Միաժամանակ Գալստյանը հավելեց՝ գլխավոր դրամատունը շարժվում է գործունեության եռամյա ծրագրով, և եթե այս տարի գնաճը դուրս գա նախատեսված շրջանակից, ապա հաջորդ տարիներին Կենտրոնական բանկի քաղաքականության արդյունքում կհաջողվի այն վերադարձնել տարեկան 4 տոկոսի շրջանակ։

«Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ տարվա ընթացքում մենք ակնկալում ենք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախային ցուցանիշը, որովհետև ակնհայտ էր, որ FAO-ի ինդեքսի և այլ իրավիճակների զուգակցման պարագայում մեր գնաճն ավելի բարձր է լինելու, քան թիրախը», - նշեց Մարտին Գալստյանը:

Նույն օրը Կենտրոնական բանկը հայտարարեց, թե անցած տարվա դեկտեմբերից ի վեր արդեն երրորդ անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ կես տոկոսային կետով՝ սահմանելով 6 տոկոս:

Հայաստանում Կենտրոնական բանկն է գների կայունության ապահովման երաշխավորը։ Կենտրոնական դրամատունը տարիներով` 2017-ի փետրվարից նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում, ուստի խթանել տնտեսական աճը։ Այժմ՝ գնաճի նման պայմաններում, Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը թանկացնում է դրամը՝ նպատակ ունենալով զսպել գների աճը։

Ներկայացվածի ֆոնին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում, դարձյալ՝ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 2,1 տոկոսով՝ կազմելով 194 հազար 109 դրամ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այդ հանգամանքի վրա, եթե հունվար-մարտին միջին աշխատավարձը բարձրացել է երկու տոկոսից մի փոքր ավելի, ապա ապրիլին սննդամթերքի գները աճել են գրեթե չորս անգամ արագ՝ 8,3 տոկոսով։

«Այսինքն՝ իրական եկամուտները նվազում են, և սա աղքատացման գործոն է: Այսինքն՝ մարդիկ նույն եկամուտները նույնիսկ ստանալու պարագայում, էլ չասեմ, որ կորցնելու պարագայում, ավելի քիչ կարիքներ են կարողանում հոգալ: Սա ոչ միայն տնտեսական հետևանքներ է ունենալու, որովհետև գնաճը բերում է նաև պահանջարկի կրճատում՝ տնտեսական ակտիվության անկման այս ֆոնին, այլ նաև շատ ուղիղ ասացի արդեն՝ սոցիալական հետևանքներ, հատկապես աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության համար», - ասաց Ավետիսյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG