Մատչելիության հղումներ

Պետական աջակցություն չեղավ, փոխարենը առիթից օգտվողներ եղան․ Թռչնաբույծների միության նախագահ


Սուրբ Զատիկից հետո առևտրային խոշոր ցանցերում ձուն կրկին վաճառվում է հատը 70-72 դրամով, սեփական ուսումնասիրություներից հետո «Ազատությանն» ասում է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Զատիկին նախորդած օրերին ձվի գինը դարձել էր 100 և ավելի դրամ։ Ստեփանյանի դիտարկմամբ, նման գնային տատանումը նշանակում է, որ 10-15 օրերի ընթացքում ձվի շուկայում արհեստական դեֆիցիտ ու սպառողների մոտ խուճապ առաջացնելու համար նպատակադրված գործողություններ են արվել, ինչը հանգեցրել է գնի բարձրացմանը։

Համավարակով պայմանավորված փակ ճանապարհներ, պատերազմ, նախորդ տարիներին ձվի ավելցուկին հաջորդած ածան հավերի գլխաքանակի ուշացած թարմացում․ սրանք են ըստ Ստեփանյանի թանկացման հիմնական պատճառները։

Բայց ասաց՝ պետական աջակցություն չեղավ, փոխարենն առիթից օգտվողներ եղան․ - «Պետական մոտեցում էր պետք, որ արտադրողների հետ միասին պետական աջակցությամբ տոհմային տնտեսություն ստեղծվեր գեթ մի հատ։ Արտադրողները արդեն իջեցնում են իրենց ծավալները։ Վախենում են, ասում են՝ ավելի լավ ա մի քիչ քիչ արտադրենք, քան թե արտադրենք, շատ լինի ու թափենք։ Այդ պահին որևիցե մեկը ձեռք չմեկնեց արտադրողին։ Դրանից էլ օգտվեցին վերավաճառողներն ու ցանցը։ Միանգամից տեսան, որ շուկայում դեֆիցիտ ա առաջանում, խուճապ ա, բոլորը պատրաստ են 100 դրամով ձու գնել, միանգամից գները բարձրացրեցին ցանցում»։

Թե ի՞նչ կատարվեց Զատիկի օրերին ձվի շուկայում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից կասեն 90-օրյա ժամկետում․ վարույթ են հարուցել, որ պարզեն, թե արդյոք գերիշխող դիրք ունեցողների վարքագծի հետևանքով է շուկայում ձվի գինը բարձրացել։

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն «Ազատության» եթերում ընդգծեց, որ իրենք գին վերահսկելու լիազորություն չունեն․ - «Եթե գերիշող դիրք ունեցող կա, նման վարքագիծը անընդունելի ա։ Իսկ գերիշխող դիրք ունեցողների վարքագիծը ուսումնասիրելու համար մենք վարույթ ենք հարուցել․․․ Ընդամենը 3-4 ընկերություն է, որ ունեն այսօր գերիշխող դիրք։ Մենք հնարավոր վարկածը նայում ենք, որպեսզի ասենք հանրությանը՝ այո, այս ֆիրմայի ձվի գնի բարձրացումը օբյեկտիվ չէր տնտեսապես, և դրա համար մենք իրեն պատասխանատվության ենք ենթարկելու։ Կամ՝ կար հակամրցակցային համաձայնություն պակասուրդ ստեղծելու համար»։

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 78,2 տոկոսով թանկացած ձվից բացի, թանկացել են առաջնային սպառման գրեթե բոլոր մթերքները։ Վիճակագրական կոմիտեի՝ երեկ հրապարակած տվյալներով, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, այս տարվա մարտին սպառողական շուկայում գնաճը կազմել է 5,8 տոկոս։ Օրինակ միրգը՝ 10,9 տոկոսով է թանկացել, բանջարեղենը՝ 1,4 տոկոսով, կարագն ու ձեթը՝ 62,2 տոկոսով, շաքարը, շաքարավազը՝ 40,9 տոկոսով, կաթնամթերքը՝ 16,5 տոկոսով, մսամթերքը՝ 3,4 տոկոսով, 9,4 տոկոսով էլ հացաբուլկեղենը և ձավարեղենն է թնկացել։

Երևանի փողոցներում անցորդները բոլորը միաբերան պնդում էին, որ թանկացումները ակնհայտ են ու համատարած։

«Կենտրոնական բանկի կանխատեսումներով, մինչև տարեվերջ գնաճը կվերադառնա իր նորմալ թիրախային մակարդակին»,- ասում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նույնպես նշել է, որ ապրանքների գների վրա կառավարությունն ուղիղ ազդեցություն չունի, հատկապես՝ եթե դրանց մի մասն արդեն բարձր գնով են ներմուծվել։

Իշխող «իմ քայլը» խմբակցության անդամի խոսքով՝ կառավարությունը պետք է այնպես անի, որ տնտեսական աճն արագ վերականգնվի, դա էլ, ըստ նրան, կնպաստի մարդկանց եկամտի աճին։

Թունյանն ընդունում է՝ կառավարությունը պետք է սոցիալապես խոցելի խմբերին աջակցի, բայց այնպես, որ դա ավելի չնպաստւ գնաճին․ - «Եթե մենք հիմա ուղղակի պարտք վերցնելով թոշակներ բարձրացնենք կամ աշխատավարձեր բարձրացնենք, դա խնդիրը չի լուծի, որովհետև դա իր հերթին ավելի մեծ գնաճի է բերելու։ Պետք է տնտեսությունն ու գները իրար հետ համարժեք աճեն»։

XS
SM
MD
LG