Հայաստանի տնտեսությունն ավելի մեծ աճ է ունենալու, քան կանխատեսվում էր նախկինում՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը։
Գալստյանը, սակայն, հրաժարվեց թվեր նշել՝ պատճառաբանելով, որ տարեկան ութ անգամ են հանդիպում լրագրողների հետ, չորսը՝ կանխատեսումային է, չորսը՝ մոնիթորինգային, և այսօրվա հանդիպումը վերջիններից է։
«Ուստի ես տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսում չեմ անի, սակայն ինչպես նշեցի մեր մամուլի հաղորդագրության մեջ, մի բան ակնհայտ է մեզ համար, մեր նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսությունը ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում», - ասաց Գալստյանը:
Անցած տարվա շոշափելի՝ 7.6 տոկոս անկումից հետո, այս տարվա պետբյուջեի համաձայն, ակնկալվում է, որ հայաստանյան տնտեսությունը 2021-ին կաճի 4.8 տոկոսով։ Կենտրոնական բանկն ավելի համեստ թվեր է նշում։ Այս փետրվարին լրագրողների հետ հանդիպմանը բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց սպասվող տարեկան մոտ 2 տոկոս տնտեսական աճի մասին, բայց արդեն հաջորդ ամիս՝ դարձյալ լրագրողների հետ հանդիմանը նկատելիորեն իջեցրեց թիվը, թե 2021-ին Հայաստանի տնտեսությունը կփակի 1.4 տոկոսով։
Այս մարտ ամսին Հայաստանում, ի վերջո, տնտեսական աճ գրանցվեց։ Մեկ տարի շարունակ տեղի ունեցած անկումից հետո, տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին աճեց 3.8 տոկոս՝ նախորդ տարվա մարտի համեմատ, թեև մինչ պաշտոնական թվերի ի հայտ գալը՝ մոտ երկու շաբաթ առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդեց, թե մարտին ունենալու ենք մինչև 7.5 տոկոս աճ. «Իմ հաշվարկով 7-7.5 տոկոսի կարգի է լինելու՝ նախորդ մարտի համեմատ»:
Այս տարի գնաճը նախատեսվածից ավելի է լինելու. ԿԲ
Լրագրողներին այսօր հրավիրել էին Կենտրոնական բանկ՝ տեղեկացնելու, որ բանկի խորհրդի այսօրվա նիստում որոշվել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6 տոկոս: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե չորս տարի՝ 2017-ի փետրվարից աստիճանաբար իջեցնելուց հետո (երբ 6 տոկոսից այն հասավ 4.25 %-ի), անցած տարվա դեկտեմբերին Կենտրոնական բանկը կտրուկ՝ մեկ տոկոսային կետով այն բարձրացրեց՝ հասցնելով 5.25 տոկոսի։ Եվս 0.25 տոկոսային կետով տոկոսադրույքը բարձրացրեց այս փետրվարին սահմանելով 5.5 տոկոս։
Հայաստանում Կենտրոնական բանկն է գների կայունության ապահովման երաշխավորը։ Կենտրոնական դրամատունը տարիներով նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում, ուստի խթանել տնտեսական աճը։ Այժմ՝ գնաճի նման պայմաններում, Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը թանկացնում է դրամը՝ նպատակ ունենալով զսպել գների աճը։
Չնայած նման քայլերի, կենտրոնական դրամատան ղեկավարը այսօր խոստովանեց՝ այս տարվա ընթացքում չի հաջողվի գների աճը բերել ծրագրված տարեկան 4 տոկոսի շրջանակ։ Միաժամանակ հավելեց՝ դարմատունը շարժվում է գործունեության եռամյա ծրագրով, և եթե այս տարի գնաճը դուրս գա նախատեսված շրջանակից, ապա հաջորդ տարիներին Կենտրոնական բանկի քաղաքականության արդյունքում կհաջողվի այն վերադարձնել տարեկան 4 տոկոսի շրջանակ։
«Կոնտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ տարվա ընթացքում մենք ակնկալում ենք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախային ցուցանիշը», - նշեց Մարտին Գալստյանը:
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ եթե ընդհանուր գնաճը կազմել է 5.8 տոկոս, ապա սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները Հայաստանում աճել են 7.4 տոկոսով։
Բերենք մի քանի առանձին օրինակներ՝ արևածաղկի բուսական յուղը այս տարվա մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ միջինում թանկացել է 62.2 տոկոսով, շաքարն ու շաքարավազը՝ 40.9 տոկոսով, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին՝ անցած տարվա մարտի համեմատ գրանցվել է 16.5 տոկոս գնաճ, առանձնաբար ձվի գինը այս մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ բարձր էր 78.2 տոկոսով, հացի և ալյուրի գները աճել են, համապատասխանաբար, 8.6 տոկոսով և 14.4 տոկոսով։
Նույն՝ Վիճկոմի տվյալների համաձայն, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը այս մարտին՝ 2020թ. մարտի համեմատ աճել է ընդամենը 3 տոկոսով։
Այս թվերը ներկայացրեցինք Մարտին Գալստյանին, արձագանքեց՝ սննդամթերքի նման թանկացման առաջին պատճառը արտերկրում դրանց թանկացումն է. «Սրան գումարվում է նաև փոխարժեքի որոշակի տատանողականությունը: Ի դեպ՝ այդտեղ էլ հետաքրքիր ֆենոմեն կա, որ գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ որ փոխարժեքը որոշակիորեն նահանջում է նախկին մակարդակների մոտ, գները որպես կանոն ավելի դանդաղ են նահանջում, քան փոխարժեքի վարքագիծն է: Այստեղ ինչ-որ որոշակի անելիքներ կան»: