Մատչելիության հղումներ

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0,5 տոկոսով


Կենտրոնական բանկի շենքը Երևանում, արխիվ
Կենտրոնական բանկի շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը այսօր կայացած նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 6 տոկոս:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7,5 տոկոս, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4,5 տոկոս:

«2021թ. մարտին արձանագրվել է 1,0 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,5 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5,8 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6,6 տոկոս», - ասված է հաղորդագրությունում։

ԿԲ-ն նշում է, որ 2021-ի առաջին կիսամյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում, պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով, արձանագրվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ․ - «Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ։ Նման իրավիճակում ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն»:

Խորհրդի գնահատմամբ՝ ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ:

«Հաշվի առնելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը և արտաքին ու ՀՀ տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը և նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոսի ցուցանիշի շուրջ», - ասված է հաղորդագրությունում։

ԿԲ խորհուրդը գտնում է, որ «տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»:

XS
SM
MD
LG