Մատչելիության հղումներ

2021-ի համար ԿԲ-ն կանխատեսում է 1,4 տոկոս տնտեսական աճ


Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է հետպատերազմյան 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը 2 տոկոսի փոխարեն1.4 տոկոս, երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հիմնականում պայմանավորված է 4-րդ եռամսյակի ընթացքում ու էս տարվա առաջին եռամսյակով որոշակի տնտեսության ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով, մասնավորապես, արդյունաբերության ճյուղում, ծառայությունների ճյուղում և գյուղատնտեսության ճյուղում կան որոշակի նվազումներ, ուստի, մեր կանխատեսումների համաձայն, տնտեսական աճը 2021 թվականի համար կկազմի, այս պահին ունեցած տվյալների ու էս պահին կատարված կանխատեսումների համաձայն, 1,4 տոկոս», - ասաց Գալստյանը։

Այս կանխատեսումներին զուգահեռ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճը շարունակվում է։ Քաղաքացիներն ասում են՝ զգում են թանակցումների բեռը, հատկապես, ասում են, թանկացել է միսը, հացը, ձեթը, ձուն։

«Վայ էն մարդուն, որ հիմա ստանում է քիչ թոշակ և չունի ապրելու միջոց։ Ես նման պարագայում էդ մարդկանց փոխարեն ցավում եմ», - ասաց «Ազատության» զրուցվակիցներից մեկը։

Մարտին Գալստյանի խոսքով՝ գնաճը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայով և դրամի արժեզրկմամբ, դոլարը շարունակում է թանկ մնալ․ երեկ այն կարելի էր գնել շուրջ 530 դրամով։

«Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբ, ինչպես նաև մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դրսևորվել են գների աճի միտումներ, սա նաև նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմանը։ Նման իրավիճակում Կնետրոնական բանկի խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռևս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն», - ասաց ԿԲ նախագահը։

Կենտրանական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դեկտեմբերին այն կտրուկ բարձրացավ, ապա ավելացավ ևս 0.25 տոկոսով և այժմ կազմում է 5.5 տոկոս։ Այս դրամավարկային գործիքը կիրառվում է գնաճի տեմպերը վերահսկելու համար։

Նախորդ ամսվա տվյալներով 12 ամսյա գնաճը կազմել է 5.3 տոկոս։ ԿԲ նախագահ Մարտին Գալստայանի խոսքով՝ կանխատեսվում է որ այս ցուցանիշն առաջիկայում կնվազի և կկայունանա թիրախային, ծրագրված 4 տոկոսի շուրջ։

«Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է նաև, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործման», - նշեց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանն ընդգծում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կիրառումը նպատակ ունի ազդել ապագայի գների վրա, ուստի դեկտեմբերին տոկոսադրույքը բարձրացնելով ԿԲ-ն փորձում էր ազդել փետրվարի գնաճի վրա։

«Բայց ոչ թե փետրվարի գների թանկացումներին, որոնք սննդամթերք են ու հիմնականում առաջարկի գործոններով են հանդես գալիս, որովհետև առաջարկի գործոնների վրա ազդելը տնտեսական քաղաքականության կամ դրամավարկային քաղաքականության տեսանկյունից բարդ է, այլ մենք փորձում էինք հանրությանը հավաստիացնել ու խարսխել գնաճային սպասումները էն եզրույթի ու այն տեսակետի շուրջ, որ Կենտրոնական բանկն, իր մանդատի ներքո, անելու է ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետությունում գների մակարդակը՝ գնաճը, պահպանվի էն թիրախի շուրջ, ոը որ մենք ունենք», - ասաց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանը հույս հայտնեց, որ կկարողանան հանգիստ դուրս գալ այս իրավիճակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG