Մատչելիության հղումներ

Հայոց բանակն այս պատերազմում կռվել է մինչև ամենավերջին վայրկյանը, նշում է Փաշինյանը


Այսօր եռատոնը նշում ենք դառնությամբ, խառը զգացումներով, կսկիծով, ինչ-որ տեղ պարտության դառնությունը սրտում պահած, այսօր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Բայց վկա է Աստված, որ մենք այս ընթացքում բացարձակապես ոչինչ, որևէ բան չենք խնայել Շուշիի ազատագրման հերոսների ու նահատակների գործն ու փառքը պաշտպանելու համար», - կառավարության փոխանցմամբ ասել է Փաշինյանը` հավելելով, որ պետք է վերլուծել և հասկանալ, թե ինչն այնպես չի արել, որտեղ ենք սխալվել, «որտեղ բավարար սկզբունքայնություն չենք ցուցաբերել»:

«Բայց վկա է Աստված, որ մենք, հայոց բանակն այս պատերազմում կռվել է մինչև ամենավերջին վայրկյանը, երբ կռիվն ուներ հեռանկար:

Բայց նաև կարևոր է, որ այդ կռվի մեջ չենք կորցրել խելամտությունը: Կարևոր է, որ կարողացել ենք, այո, կայացնել ծանր որոշումներ, այդ թվում՝ հանուն մեր բանակի, մեր գեներալների և սպաների, մեր զինվորների և հանուն նրանց ընտանիքների ու զավակների:

Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը:

Խոնարհվելով մեր նահատակների առաջ, շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առիթով: Շնորհավորում եմ եռատոնի առիթով: Շնորհավորում եմ բոլորիս այն ապագայի առիթով, որ մենք իրար հետ պիտի կառուցենք: Եվ որևէ մեկը սրանում թող չկասկածի», - ասել է նա։

Վարչապետի պաշտոնակատարը հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև Մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի զորամասերից մի շարք զինծառայողների հանձնել է պետական տարբեր պարգևներ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարների հետ, քննարկել Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու պատասխանել նրանց հարցերին։

Թշնամանքը տարածաշրջանում «պետք է կառավարվի»

Գեղարքունիքի մարզում վարչապետի պաշտոնակատարն այցելել է Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ, հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։

Վարդաձորում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։ Դիմելով համայնքների բնակիչներին՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես ասել է. - «Պատերազմից հետո, ես հեռուստաուղերձում մի անգամ ասացի, որ այո, կարծում եմ՝ մեր բանակը, Զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում: Եվ երբ օդում կախված հարց կար՝ ինչպե՞ս, 2-րդ բանակային կորպուսի օրինակը դրա ամենավառ օրինակն է, երբ 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան, մեր բանակն ամուր պաշտպանական գիծը պահել է: Եվ սա փաստ է, մենք պետք է մեր սպաներին, զինվորներին, գեներալներին արժանին մատուցենք: Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ 9-րդ պաշտպանական շրջանի այդ ճեղքումը տեղի ունեցավ, որը ցավոք, հետագայում չհաջողվեց կանգնեցնել»:

«Մենք, այո, վերջին տարիներին շատ բան արել ենք, բայց շատ բան էլ չենք հասցրել անել: Այո, մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք, որովհետև ճանապարհ կառուցում էինք ճանապարհ կառուցելու համար, մենք ճանապարհ չէինք կառուցում փող գողանալու համար: Այո, մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք, որովհետև մենք չէինք ուզում: Մեր նպատակը ժողովրդին ծառայելն էր:

Այո, մենք այս աղետի առաջ կանգնեցինք, որովհետև չկարողացանք կանգնեցնել մի գործընթաց, որը զարգացել, հասել էր կուլմինացիային, որը մեր երկրին և ժողովրդին Ղարաբաղի հարցի անարժանապատիվ լուծում պիտի պարտադրեր: Մենք կանգնեցինք, ժողովուրդ, մենք մինչև վերջ կանգնեցինք: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Ավարայրում, այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Սարդարապատում», - հայտարարել է Փաշինյանը։

«Բայց պատերազմից հետո, անընդհատ, այդ խոսակցությունն է զարգանում: Չգիտեմ, որտեղից ծագեց, ով առաջ բերեց այդ խոսակցությունը. թուրքը մեր թշնամի՞ն է, թե թուրքը մեր թշնամին չէ: Հարցը այն չէ՝ թուրքը մեր թշնամին է, թե... Իհարկե, մեր թշնամին է: Այստեղ ով կա, որևէ նոր բան կարո՞ղ է ասել: Դա ասելով չէ, դա պատմական փաստ և իրողություն է: Բայց հարցը հետևյալն է՝ մենք պետք է, այո, հանուն մեր նահատակների և հանուն մեր երեխաների այդ թշնամությունը կառավարենք: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամությունն ընդհանրապես այս տարածաշրջանում դառնա անկառավարելի: Եվ ես հույս ունեմ, որ ժողովուրդն այս գաղափարը կընդունի և կաջակցի: Բայց մենք նաև հասկանում ենք, որ մեր միջավայրն էլ այդպես պետք է գնահատի, այդպես պետք է ընկալի իրավիճակը: Պարույր Սևակը շատ լավ բառեր ունի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության մեջ, ասում է. «Ընկել ենք, սակայն երբեք չենք ծնկել»: Այո, այս պատերազմում մենք ընկել ենք, բայց այս պատերազմում մենք չենք ծնկել: Եվ մենք չենք ծնկելու: Բայց այդ թշնամանքը պետք է կառավարվի», - նշել է վարչապետի պաշտոնակատարը։

«Հաջորդ խնդիրը, որի մասին այդքան շատ և հաճախ խոսվում է՝ Հայաստանում արդարություն և արդար դատական համակարգ հաստատելու մասին է: Այո, մենք արդարություն հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում: Արդարություն հաստատել ենք այնքանով, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշիչ ուժ է: Դուք գիտեք, որ դուք որոշող եք, և դա ամենամեծ արդարությունն է: Եվ դուք հունիսի 20-ին, այո, դատ եք անելու: Դուք դատ եք անելու, դուք դատելու եք մեզ բոլորիս: Եվ համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդարացի, արժանի և արդար դատավճիռ կկայացնի», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այո, մենք պետք է մեր երեխաների համար խաղաղ ապագա ապահովենք, բայց այդ խաղաղ ապագան չի կարող լինել անարժանապատիվ: Մենք պետք է արժանապատիվ խաղաղություն ապահովենք, զարգացում ապահովենք, բարեկեցություն ապահովենք, և ես շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք այս մտքի հետ, որովհետև այս երեխաները պիտի ապրեն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանում», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

XS
SM
MD
LG