Մատչելիության հղումներ

«Դավաճանած կլինենք, եթե այսօր չլծվենք մեր հայրենիքի հզորացման ու շենացման գործին». Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան ուղերձ է հղել Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ:

«Հհայ ժողովուրդը Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ միասին որոշիչ դերակատարում է ունեցել հաղթանակի կերտման գործում։ Մենք մեր նշանակալից լուման ենք ներդրել Եվրոպան և մարդկային ողջ քաղաքակրթությունը ավերիչ պատերազմից փրկելու և ֆաշիզմի ճիրաններից ազատելու գործում», - կառավարության փոխանցմամբ` ասված է նրա ուղերձում։

Փաշինյանը ցավով է նշում. «Այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը։ Այն մեր նորագույն պատմության փառահեղ էջերից է և կարևորագույն նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար։ Ազատագրված Շուշին պատվար է հանդիսացել Արցախի անվտանգության ապահովման համար։ Դրանով հանդերձ այն փաստացի նախադրյալներ է ստեղծել Արցախի պետականաշինության համար և անշրջելի դարձրել արցախահայության ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարը։

Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար։ Այսօր մենք խոնարհվում ենք Արցախի պաշտպանության համար՝ հայ ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմներում զոհված մեր բոլոր նահատակների առաջ»:

«Խորն է մեր ցավը, անամոքելի են մեր վերքերը: Սակայն գիտենք նաև, որ զուր չէր նրանց զոհաբերությունը, նրանք ընկան իրենց հայրենիքի պաշտպանության համար, նրանք զոհվեցին ազատության համար։ Մենք պարտավոր ենք անմար պահել նրանց հիշատակը ու պարտավոր ենք շարունակել նրանց գործը։ Դավաճանած կլինենք նրանց, եթե այսօր չլծվենք մեր հայրենիքի հզորացման ու շենացման գործին։ Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը», - ասված է վարչապետի պաշտոնակատարի ուղերձում:

XS
SM
MD
LG