Մատչելիության հղումներ

Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի. ՀՀ նախագահ


Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ նախագաh Արմեն Սարգսյանի անունից այսօր Երևանի Հաղթանակ զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, հայտնում են նախագահի աշխատակազմից:

«21-րդ դարում մենք կրկին դեմ հանդիման էինք ատելությանը և էթնիկ զտումների սպառնալիքին՝ ի դեմս Արցախի դեմ ուղղված ադրբեջանաթուրքական միացյալ պատերազմի:

Այս օրերին, երբ ֆաշիզմի դեմ համաշխարհային հաղթանակի հերթական տարեդարձն է, աշխարհը նոր մարտահրավերների առաջ է: Մենք կարիք ունենք վերաիմաստավորել հաղթանակի և խաղաղության գաղափարները՝ գիտակցելով դրանց բարձր արժեքն ու կարևորությունը», - ասված է նախագահի ուղերձում:

«Այս տարի լրանում է Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակը: Անկախության ձեռքբերումը նույնպես ազատության ու կամքի հաղթանակն էր: Այսօր, տարիների հեռվից, այն հիշեցնում է, որ որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի:

Մենք պարտավոր ենք հաղթել: Դրա երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը:

Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի», - նշում է Արմեն Սարգսյանն իր ուղերձում:

XS
SM
MD
LG