Մատչելիության հղումներ

Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատավարությունը հասավ իրեղեն ապացույցների հրապարակմանը


Գյումրեցի 57-ամյա կնոջը դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական հեռավար նիստում այսօր ավարտվեց գրավոր ապացույցների հրապարակման փուլը:

Վերջին գրավոր ապացույցը, որի հետազոտությունը հետաձգվել է տեղանքի քարտեզի ռուսերեն թարգմանության տարաբերակը ամբաստանյալին փոխանցելու պատճառով, տեղանքի զննության արձանագրությունն էր: Այն կազմվել է դեպքի օրը` 2018 թվականի դեկտեմբերի 2-ին: Ըստ արձանագրության` դեպքի վայրից հայտնաբերվել են մի շարք առարկաներ, որոնց վրա առկա են եղել արյան հետքեր:

Դատարանն անցավ իրեղեն ապացույցների հրապարակման փուլին, սակայն այսօրվա նիստին չհասցրեցին դատարանի դահլիճում հետազոտել գործում առկա իրեղեն ապացույցները: Մեղադրող Վահե Միրզոյանը հրապարակեց իրեղեն աացույցների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

Իրեղեն ապացույցներ ճանաչվել են և՛ դեպքի վայրից, և՛ Ռազգիլդեևի հորաքրոջ տանը կատարված խուզարկությամբ առգրավված իրերը: ԴՆԹ հետազոտությամբ իրեղեն ապացույցների վրա առկա արյան հետքերը նույնականացվել են:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին բազայից դատարան հասնելու համար 20 րոպե ընդմիջում խնդրեց, որ իր ներկայությամբ դատարանի դահլիճում բացվի իրեղեն ապացույցների արկղը: Քանի որ աշխատանքային օրվա ավարտն էր, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդեց, որ իրեղեն ապացույցները հետազոտվեն հաջորդ նիստին, և ամբաստանյալի պաշտպանը միանգամից դատարան գա: Ապրիլի 26-ի նիստին նաև վկաներ են հրավիրվելու:

XS
SM
MD
LG