Մատչելիության հղումներ

Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի հետ պատերազմից կարելի է և պետք է խուսափել 


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեծ հարցազրույց է տվել «Ռիա Նովոստի» պետական գործակալությանը: Ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Լավրովին չեն հարցրել Ղարաբաղի և ընդհանրապես մեր տարածաշրջանի մասին։

Հարցազրույցում Լավրովը մեծամասամբ խոսել է ռուս-ամերիկյան հարաբերություններից և ուկրաինական ճգնաժամից։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ռուս-ուկրաինական ճգնաժամից խոսելիս ընդգծել է, թե Մոսկվան կարծում է, որ երկու երկրների միջև պատերազմից կարելի է և պետք է խուսափել։

«Եթե դա կախված է մեզնից և Դոնբասից, որքանով մենք կարող ենք հասկանալ նրանց սկզբունքային մոտեցումները, ապա պատերազմից կարելի է և պետք է խուսափել», - ասել է Լավրովը` հավելելով, թե չի կարող խոսել ուկրաինական կողմի և նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխարեն, սակայն կարծում է, թե Զելենսկուն առաջին հերթին իր ռեյտինգն է հետաքրքրում։

Հիշեցնենք, որ Դոնբասի բնակչության մի զգալի հատվածն այսօր ունի ռուսական անձնագիր, ռուսաստանցի մեկնաբանները Դոնբասը հաճախ են համեմատում Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ և հաճախ հարց բարձրաձայնում, թե ինչու ստեղծված իրավիճակում, երբ Մոսկվան աջակցում է Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների դեմ պատերազմող Դոնբասի անջատողականներին, Մոսկվան չի շտապում ճանաչել այսպես կոչված` Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները։

Լավրովն այսօր Դմիտրի Կիսելյովի նման հարցին պատասխանելիս ասել է, թե իրավիճակը նախ և առաջ տարբերվում է նրանով, որ Դոնբասի շուրջ գոյություն ունեն Մինսկի համաձայնագրեր, և Մոսկվան ակնկալում է, որ ի վերջո Զելենսկին և նրան աջակցող Արևմուտքը կհետևեն այդ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին։

Այսօր, ի դեպ, հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում նախընտրական քարոզարշավի հիմնական լոզունգներից մեկն արևելքում պատերազմին վերջ տալն էր, հայտարարել է, թե պատրաստ է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել Վատիկանում:

Լավրովը` ռուս-ամերիկյան հարաբերությունների այսօրվա իրավիճակի մասին

Իր հարցազրույցում Լավրովը ռուս-ամերիկյան այսօրվա հարաբերությունները համեմատել է սառը պատերազմի հետ` նշելով, թե այսօր իրավիճակը նույնիսկ ավելի բարդ է. «Կարծում եմ, որ սառը պատերազմի ժամանակ լարվածությունը շատ լուրջ էր, բազմաթիվ անգամներ առաջացան ռիսկային, ճգնաժամային իրավիճակներ, բայց կար փոխադարձ հարգանք։ Իմ կարծիքով` այժմ հարգանքի պակաս կա»:

Պաշտոնական Մոկսվան վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է կարգավորել բարդ հարաբերությունները Վաշինգտոնի հետ միայն հավասարը հավասարի հետ սկզբունքով։

Լավրովն էլ այսօր ընդգծել է` եթե այդ պայմանը ընդունելի է Միացյալ Նահանգների համար, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները, եթե ոչ, Մոկսվան պատրաստ է կոշտ պատասսխանել բոլոր նրանց, ովքեր կհատեն Մոսկվայի սահմանած կարմիր գծերը։ Ավելի վաղ նույն այս միտքը բարձրաձայնել է Ռուսաստանի նախագահը Դաշնային ժողովին իր ուղերձում: Լավրովը պարզապես մեջբերել է Պուտինի խոսքերը։

Եվ, ի դեպ, վերջին շրջանում Արևմուտքի ճնշման մասին խոսելիս պաշտոնական Մոսկվան հաճախ է հիշատակում նաև պաշտոնական Պեկինին` նշելով, թե Ռուսատսանը և Չինաստանը այսուհետև ևս կընդդիմանան միաբևեռ աշխարհ կառուցելու Արևմուտքի փորձին։

Ինչ վերաբերում է հնարավոր հետևանքներին, օրինակ` միջազգային ֆինանսական համակարգերից Ռուսաստանին անջատելու Արևմուտքի սպառնալիքին, Լավրովն այսօր հերթական անգամ ընդգծել է, թե Մոսկվան պատրաստ է անցնել սեփական ֆինանսական համակարգերի` ավելի ապահով զգալու համար։

Մոկսվան, արտգործնախարարի խոսքով, նաև պատրաստ չէ վերադառնալ մեծ ութնյակի ձևաչափին։

Հարցազրույցում նաև անդրադարձ կա Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների ցուցակին։

Հիշեցնենք` ռուսաստանյան իշխանությունները պատրաստում են նման ցուցակ, որում հաստատ ընդգրկված են լինելու Միացյալ Նահանգները, մերձբալթյան երկրները, հավանաբար ընդգրկված կլինեն նաև Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Չեխիան։

Գործնականում այդ երկրների համար ՌԴ իշխանություններն այսօր նախապատրաստել են դեռ մեկ սահմանափակում. այդ երկրները ներկայացնող կառույցները չեն կարողանա ֆիզիկական անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում։

Հավելենք` վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն էլ ավելի սրվեցին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի պատճառով, այն բանից հետո, երբ Կրեմլի կոշտ քննադատին ձերբակալեցին և շուրջ երեք տարով ուղարկեցին գաղութ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG