Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է հանդիպել Մոսկվայում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երկրի արևելյան սահմանների մոտ ռուսական զինուժի կուտակման կապակցությամբ վերջին շրջանում մի քանի անգամ ասել է, թե կցանկանար «Դոնբասի ցանկացած կետում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել լարվածությունը թուլացնելու հնարավորությունը»:

Ռուսաստանի ղեկավարի հետ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է նման հանդիպում անցկացնել Մոսկվայում:

«Վերջին շրջանում Ուկրաինայի ղեկավարությունը կատարել է բազմաթիվ քայլեր, որոնք ուղղված են ռուս-ուկրաինական հարաբերությունների քայքայմանը․ դա և՛ Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցին ոչնչացնելու փորձն է, և՛ ռուսաց լեզվի ու ռուսախոս բնակիչների, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ վերաբերմունքն է: Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, բայց եթե նախագահ Զելենսկին կցանկանա սկսել հարաբերությունների վերականգնումը, մենք դա միայն կողջունենք», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը նաև նկատել է տվել, թե Կիևը Դոնբասի հարցերը նախևառաջ պետք է քննարկի այդ շրջանի ինքնահռչակ կազմավորումների՝ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների հետ, և միայն դրանից հետո խնդիրը քննարկի երրորդ կողմի՝ տվյալ դեպքում Ռուսաստանի հետ:

«Իսկ եթե խոսքը ռուս-ուկրաինական երկկողմ հարաբերությունների մասին է, խնդրեմ, մենք պատրաստ ենք Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում ցանկացած ժամանակ, որը հարմար կլինի նրան», - ասել է Ռուսաստանի նախագահը:

XS
SM
MD
LG