Ուկրաինայի և Մերձբալթյան երեք երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և էստոնիայի արտգործնախարարներն այսօր Կիևում կայացած հանդիպմանը դատապարտել են Ռուսաստանի զորքերի կուտակումները Ուկրաինայի սահմանի մոտ և Մոսկվային կոչ արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանում ու վերադառնալ բանակցությունների։
Մերձբալթյան երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային։
Հանդիպմանը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է․ «Այսօր մենք չորսով աներկբա հայտարարում ենք, որ դատապարտում ենք Ռուսաստանի կողմից իրավիճակի սրացումը․ Մոսկվայի գործողություններն ու հայտարարությունները, որոնք ուղղված են ռազմական լարվածության սրացմանն ու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերի խարխլմանը»։
Նա մերձբալթյան գործընկերներին խնդրել է, որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամներ, այդ կազմակերպությունների առաջ բարձրացնել Ուկրաինային գործնական աջակցություն ցուցաբերելու հարցը։
Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային ակնհայտորեն վախեցնում է պատերազմով, սպառնում վերացնել ուկրաինական պետականությունը։ «Աշխարհը և միջազգային օրենքը Ուկրաինայի կողմն է, և դա Ռուսաստանին անմիտ գործողություններից զսպող տարրերից մեկն է», - ասել է Դմիտրի Կուլեբան։
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչնը հավաստիացրել է, որ Ուկրաինային միայնակ չեն թողնի։
«Ուկրաինան միայնակ չէ, Ուկրաինան բարեկամներ ու գործընկերներ ունի»,- ասել է Լատվիայի արտգործնախարարը՝ հավաստիացնելով, որ պատրաստվում են միջազգային կազմակերպություններում քննարկել իրավիճակը, և նրա խոսքերով՝ միայն մեկ կողմ կա, որը պետք է գնա լարվածության թուլացմանը, և դա Ռուսաստանի Դաշնությունն է։
Ուկրաինայի հարցով երեկ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նրանք նշել են, որ Ուկրաինայի սահմանին մոտ ռուսական զորքերի կրճատումը կնպաստի լարվածության թուլացմանը տարածաշրջանում։
Բայդենի և Մերկելի հեռախոսազրույցին հաջորդել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսին, որի ընթացքում քննարկվել էր նաև Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումների խնդիրը։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել էր, որ 2014-ին Ղրիմը բռնակցելուց հետո սրանք ռուսական զորքերի ամենախոշոր կուտակումներն են։ Ստոլտենբերգն ասել էր, թե ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել ագրեսիվ սադրանքներ։
«Դաշինքը ամբողջովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և մենք Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը, դադարեցնել ագրեսիվ սադրանքներն ու հարգել իր միջազգային պարտավորությունները», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլյոդ Օսթինն ասել էր, որ մտահոգված են ռուսական զորքերի կուտակումների կապակցությամբ, շարունակում են հետևել իրավիճակին։ Օսթինը ևս Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել սադրանքները ու վերջին գործողությունների հետ կապված ավելի թափանցիկ լինել։
Վերջին շրջանում տեսանյութերը, լուսանկարները, այլ տվյալներ ցույց են տալիս, որ Ռուսաստանը զորքեր է կուտակում Ուկրաինայի սահմանի մոտ։ Զորքերի տեղաշարժը մտահոգություն է առաջացրել, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։
Ռուսաստանը երեկվանից Սև ծովում զորավարժություններ է սկսել, դրանց մասնակցելու նպատակով Կասպից ծովից 15 փոքր տարողությամբ ռազմանավեր են տեղափոխվել Սև ծով։ Նույն օրը Ուկրաինան Ղրիմի մոտ զորավարժություն սկսեց, որի սցենարով հետ են մղել հակառակորդի զրահատեխնիկայի ու ու տանկերի գրոհները։
Այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնեց, որ ԱՄՆ-ն հետ է կանաչել իր երկու ռազմանավերը Բոսֆորով Սև Ծով մտնելու խնդրանքը։