Մատչելիության հղումներ

Զելենսկին անպայման կարձագանքի Մոսկվայում հանդիպելու Պուտինի առաջարկին


Վլադիմիր Զելենսկին անպայման կարձագանքի Մոսկվայում հանդիպելու Ռուսաստանի նախագահի առաջարկին, Ukrinform գործակալությանն այսօր ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը:

Ավելի վաղ Զելենսկին իր տեսաուղերձում Վլադիմիր Պուտինին առաջարկել էր հանդիպել Դոնբասում, որտեղ պատերազմ է ընթանում: Երեկ ՌԴ նախագահը, արձագանքելով Ուկրաինայի առաջնորդի առաջարկին, ասել էր, որ եթե խոսքը Դոնբասի խնդիրները քննարկելու մասին է, ապա Ուկրաինայի ղեկավարությունն առաջին հերթին պետք է հանդիպի Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարների հետ: Պուտինի կարծիքով` հենց այդպես պետք է սկսել Դոնբասի շուրջ հակամարտության կարգավորումը, իսկ հետո արդեն հարցերը քննարկել ցանկացած երրորդ երկրի, այդ թվում` Ռուսաստանի հետ:

Նա պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարմար պահի Զելենսկուն ընդունել Մոսկվայում, եթե խոսքը կգնա երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին:

Ուկրաինայի նախկին նախագահ, հիմա եռակողմ շփման խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Լեոնիդ Կրավչուկի կարծիքով` Զելենսկին ոչ մի դեպքում չպետք է Մոսկվա գնա։ Հանդիպման վայր կարող է լինել որևէ չեզոք երկիր։ Ուկրաինական 4-րդ ալիքի հետ հարցազրույցում Կրավչուկը հնարավոր է համարել նաև հանդիպում Դոնբասում, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ գտնվող դաշտում` Լուգանսկում կամ Դոնբասում։

Այսօր հայտնի դարձավ, որ Ուկրաինան Իսրայելի վարչապետին առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը իսրայելական ՀԸ ասել է, թե Նեթանյահուն լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ «Մենք ուրախ ենք, որ պարոն Նեթանյահուն չի հրաժարվել, ընդհակառակը` հետաքրքրություն է ցուցաբերել և օգնելու ցանկություն հայտնել»,- հավաստիացրել է դեսպանը։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի արևելյան շրջանների իրավիճակին, ապա չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարը կարգադրել է Ուկրաինայի սահմանից հետ քաշել ռուսական զորքերը, բուն Դոնբասում կրակը չի դադարում։ Ուկրաինայի զինվորականները հայտնել են, որ հրադադարն այսօր 3 անգամ խախտվել է, տուժածներ չկան, բայց երեկվա կրակոցների հետևանքներով ուկրաինացի մեկ զինծառայող է զոհվել: Ռուսամետ ուժերի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի և Լուգանսկի տեղեկատվական ծառայություններն իրենց հերթին ուկրաինական կողմին են մեղադրում հրադադարը խախտելու մեջ:

Լարվածության աճ է արձանագրել Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությունը: Դրա ղեկավար, դեսպան Յաշար Չևիկը երեկ տեսակոնֆերանս է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի հետ և նշել, որ Դոնբասում մարտական գործողություններն ընդլայնվում են: Դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողություններն ընդլայնվում են, ինչպես նաև քաղաքացիական շրջանում զոհերի թիվն աճում է, ավելի շատ քաղաքացիական ենթակառուցվածքներն են վնասվում: Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ մարդկանց զոհվելու յուրաքանչյուր դեպքը խորացնում է լարված իրավիճակը, խարխլում կարգավորման քաղաքական ջանքերը: Նա նաև զեկուցել է, որ Դոնբասում ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործունեությանը խոչընդոտներ կան, որոնց մեծ մասը դիտավորյալ և նպատակաուղղված տեսք ունի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ուղիղ միջամտության վտանգին, որն առաջացել էր Ուկրաինայի սահմանին ռուսական բազմահազարանոց զորքերի կուտակումների պատճառով, ապա այդ սպառնալիքն ասես թուլանում է: Ինչպես նշեցինք, երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Ուկրաինայի սահմանին կուտակված զորքերին կարգադրել է մինչև մայիսի 1-ը վերադառնալ իրենց մշտական տեղակայման զորանոցները: Ղրիմում զորավարժություններ անցկացրած ռուսական ուժերը ևս հետ են քաշվում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գրել է, թե ողջունում է «ցանկացած քայլ, որը կնպաստի Դոնբասում իրավիճակի կայունացմանը» և շնորհակալություն է հայտնել արևմտյան գործընկերներին այս շաբաթների ընթացքում «Ուկրաինային սատարելու և Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու համար»:

Ուկրաինայի արևելքում 2014 թվականից բռնկված հակամարտության արդյունքում արդեն ավելի քան 13 հազար մարդ է զոհվել:

XS
SM
MD
LG