Անցած տարվա փետրվարից ի վեր՝ մեկ տարի շարունակվող անկումից հետո, սպասվում է, որ Հայաստանի տնտեսությունը վերջապես այս տարվա մարտին աճ է գրանցելու, էկոնոմիկայի նախարարի կանխատեսմամբ` մինչև 7.5 տոկոս: Այս մասին հայտնի դարձավ այսօր կառավարության նիստում, ուր հայտարարվեց, թե անցած ամիս գրանցված աշխատատեղերի քանակը 2500-ով ավելի է՝ 2020թ. մարտի համեմատ։
Հենց աշխատատեղերի թվի աճի մասին հայտարարությամբ էլ կառավարության այսօրվա նիստը բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նման շարժը բնութագրելով որպես տնտեսության վերականգնման հերթական ազդակ։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը թվեր ներկայացրեց. «Անցյալ տարվա հետ համեմատած հարկման բազա ունեցող, այսինքն` զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով, և առհասարակ հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը` համեմատական վերլուծություններ իրականացվել են նաև 2019 թվականի համեմատ` իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019 թվականի մարտ ամսվա համեմատ` նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով»:
Հովհաննիսյանը շարունակեց, թե անցած ամիս Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է շուրջ 211 հազար 500 դրամ, որն անցած տարվա մարտի համեմատ ավելի է մոտ 12 հազար դրամով, իսկ 2019թ. մարտի համեմատ՝ շուրջ 28 հազարով։
Վարչապետն այսպես հիմնավորեց, թե աշխատատեղերի աճի թվերն ինչու են հավաստի. «Ես ուզում եմ արձանագրել, որ այդ թվերը ձևավորվում են գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա: Եվ խոսքն այն աշխատատեղերի մասին է, որոնցում աշխատավարձ է վճարվել, եկամտային հարկ է հաշվառվել, և հաշվետվություններով ներկայացվել է, կամ վճարվել է, կամ կվճարվի»:
Փաշինյանի խոսքով` Հայաստանում անցած ամիս գրանցված աշխատատեղերի ընդհանուր թիվը շուրջ 622 հազար է, հիշեցրեց` երբ երկրում կորոնավիրուսի համաճարակը նոր էր սկսվել, միայն մեկ ամսում` 2020թ. ապրիլին, Հայաստանում գրանցված աշխատատեղերի քանակը կրճատվել էր մոտ 70 հազարով, սակայն ըստ վարչապետի` այժմ այդ կորուստը վերականգնված է:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատատեղերի աճը բացատրեց տնտեսության վերականգնմամբ. «Եվ եթե համեմատենք մեր այս տարին 2019 թվականի նկատմամբ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա թե՛ հունվարը, թե՛ փետրվարը, թե՛ մարտն ավելի լավ են գնում, քան 2019 թվականին»:
«Ազատություն» - Այսինքն` մարտին մենք տնտեսական ա՞ճ ենք ունենալու:
Վահան Քերոբյան - Այո:
«Ազատություն» - Կարո՞ղ եք ինչ-որ թիվ նշել:
Վահան Քերոբյան - Իմ հաշվարկով` 7-7.5 տոկոսի կարգի է լինելու:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ աշխատատեղերի աճը հարկ է բացատրել ստվերի կրճատմամբ, ոչ թե Հայաստանի տնտեսության առողջացմամբ. «Իսկ ինչ վերաբերում է, որ սպասում ենք, որ մարտին, ապրիլին մենք կունենանք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ` նախորդ տարվա համեմատ, ես տարվա սկզբին եմ ասել, որ դա այդպես պետք է լինի, որովհետև տոտալ լոքդաունի պայմաններում` 2020-ի մարտ-ապրիլ-մայիս ամիսների հետ երբ որ համեմատում ես առանց սահմանափակումների տնտեսական վիճակը, պարզ է, այսինքն, դա»:
Հարցադրմանը` «ուզում է ասել, որ կառավարությունը ոչինչ էլ եթե չանի, սահմանափակումները վերացվեն, տնտեսական աճ ինքնըստինքյան կլինի՞», արձագանքեց. «Վերացված են սահմանափակումները, և այո»:
Տնտեսագետն ընդգծեց, որպեսզի հնարավոր լինի խոսել տնտեսության կայուն աճի մասին, հարկ է ապահովել ներդրումներ. «Որքան շատ են իրենք խոսում ներդրումներից, այնքան վիճակագրությունը տխուր ցուցանիշներ է արձանագրում, և օրինակ` 2020 թվականին, շատ վաղուց չկար այդպիսի արձանագրում, օտարերկրյա ուղղակի ներդրումները, զուտ ներհոսքը մինուս 7.1 միլիարդ դրամ էր. կապիտալ է փախչում մեր երկրից, այսինքն` ավելի շատ օտարերկյա ուղղակի ներդրումներ մեր երկրից գնացել են, դուրս են եկել եղածը, քան որ եկել են: Սա շատ մտահոգիչ է»: