Մատչելիության հղումներ

Հայաստանը բարելավում է դիրքերը տնտեսական ազատության միջազգային ինդեքսում


Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում։

Առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է։

Նախորդ տարվա ինդեքում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։

Վաշինգտոնում հիմնված հեղինակավոր The Heritage Foundation-ը Միացյալ Նահանգների հանրային քաղաքականության ազդեցիկ կառույցներից է համարվում։ Ինդեքսը կազմելիս կազմակերպությունն առաջնորդվում է երկրներում բիզնեսի, աշխատուժի, ֆինանսական, ներդրումային, առևտրային ազատությունների աստիճանով, հարկային քաղաքականությամբ, սեփականության իրավունքի ապահովմամբ, դատական համակարգի արդյունավետությամբ, վարչական օրինավարությամբ։

2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմաններում համաշխարհային տնտեսության համար ծանր ժամանակներում։

«Կորոնավիրուսի համավարակին հակազդելուն զուգահեռ՝ տնտեսական ազատությունն առավել կարևոր է լինելու քան երբևէ», - ասվում է զեկույցում։

Հարավային Կովկասում, ըստ ինդեքսի, տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 77,2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 38-րդ տեղում է։

Թեև զեկույցը հիմնականում առանձին երկրների չի անդրադառնում, սակայն անցնող տարվա նշանակալի իրադարձությունների շրջանակում առանձին նշմամբ ենթադրել է, որ հայ-ադրբեջանական վեցշաբաթյա պատերազմից հետո ստեղծված նոր իրադրությամբ պայմանավորված՝ ապագայում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հնարավորություն ունեն բարելավելու իրենց տնտեսական ազատությունները դատական արդյունավետության և վարչական օրինավարության տեսանկյունից։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին դասվել՝ 71,1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ հորիզոնականում է։ Միության անդամ մյուս պետություններն էականորեն զիջում են իրենց տնտեսական ազատության ցուցանիշով՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքին․ Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղըզստանը՝ 78-րդ։

«Ազատ» և «հիմնականում ազատ» երկրներում, ըստ զեկույցի, քաղաքացիները համաշխարհային միջինից գրեթե կրկնակի բարձր եկամուտ են ստանում, նաև մոտ 6 անգամ ավելի բարձր եկամուտ «ճնշված» տնտեսությունների համեմատ։ Ազատ տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիները նաև որակյալ կրթության, առողջապահական համակարգի, մաքուր շրջակա միջավայրի ավելի մեծ հասանելիություն ունեն։

Ինդեքսում ընդգրկված 178 երկրներից, սակայն, «ազատ» համարվել են հինգը միայն, 92 երկրներ դասակարգվել են տարբեր աստիճանների ազատություն ունեցող տնտեսությունների շարքում։ Մինչդեռ, 8 տասնյակից ավելի երկրներ միջին 61,6-ից պակաս միավոր ունեն և դասակարգվում են հիմնականում «ոչ ազատ» և «ճնշված» տնտեսությունների շարքում։

Ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են, ըստ համաթվի, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Վատագույն եռյակում հայտնվել են Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG