Մատչելիության հղումներ

Fitch-ի կանխատեսմամբ՝ ՀՆԱ-ի իրական աճը կվերականգնվի մինչև 3,2 տոկոս 2021-ին և 4 տոկոս՝ 2022-ին


Կորոնավիրուսի զույգ ալիքներն ու հակամարտության ցնցումը պատճառ դարձան, որ պետական պարտքը փոխի իր անկման միտումը։ Այս մասին հայտարարել է համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը՝ վերահաստատելով Հայաստանի համար իր «B+» կայուն կանխատեսումը։

Վարկանիշի այս վերահաստատումը պայմանավորված է պետական և արտաքին պարտքի բարձր մակարդակով, թույլ արտաքին ֆինանսավորմամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ և հաստատված հրադադարից հետո ռազմական հակամարտության վերսկսման վտանգով։ Այս մակարդակը տրվում է այն երկրներին, որոնք ունեն վարկունակության և պարտավորությունների վճարման ցածր մակարդակ, անդրադառնալով հրապարակմանը, ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Երբ ասում ենք՝ Հայաստանի համար «B+» վարկանիշ, դա նշանակում է ոչ այնքան բարձր, բայց կայուն կանխատեսմամբ, այսինքն այսպես ասենք՝ լավ չէ, բայց վատանալու տենդենցներ կամ հեռանկարներ չկան, կան որոշակի դրական գործոնների վկայակոչումներ, որոնք հավասարակշռում են այս ռեյտինգը կամ նրա անկումը: Միջին և բարձր, այսպես ասած, եկամուտ ունեցող երկրների շարքին է շարունակում Հայաստանը դասվել», - նշեց տնտեսագետը:

Fitch-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2021 թվականի ավարտին Հայաստանի պարտքի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը կկազմի 67,6 տոկոս, իսկ 2025 թվականի ավարտին այդ ցուցանիշը կնվազի մինչև 63,5 տոկոս։

Fitch-ը նաև կանխատեսում է, որ ՀՆԱ-ի իրական աճը կվերականգնվի մինչև 3,2 տոկոս 2021-ին և 4 տոկոս 2022 թվականին։ Այս գնահատականները տնտեսագետը չափազանց լավատեսական է համարում։ Fitch-ը նշում է, որ 2021 թվականին պետական բյուջեի դեֆիցիտը գլխավորապես ֆինանսավորվելու է եվրոբոնդերի թողարկումից ներգրավված 750 միլիոն դոլարի հաշվին:

«Այնուամենայնիվ, պետական պարտքի մասով աճն անխուսափելի է, թեկուզ այս 750 միլիոն եվրոբոնդերի տեղաբշխման պատճառով», - ասաց Մարգարյանը:

Տնտեսական վերլուծություններ անող միջազգային ընկերությունը մատնանշում է արտաքին ներդրումների թույլ հոսքը և Հայաստանի կախվածությունը հանքանյութի արտահանումից, ինչը մեծացնում է խոցելիությունը պղնձի և թանկարժեք մետաղների գների տատանումների նկատմամբ։ Մաքուր արտաքին պարտքը մեծ է` ՀՆԱ-ի համեմատ կազմում է մոտ 55 տոկոս, կանխատեսվում է, որ 2022 թվականի վերջին այն կաճի՝ հասնելով մոտ 62-ի։ Ակնկալվում է, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կբավարարի 2021 թվականի պակասորդի միայն մեկ քառորդը:

«Սա ազդանշան է ներդրողներին, նաև ազդանշան է պոտենցիալ ինվեստորներին, որոնք ծրագրեր են կապում Հայաստանի շուկայի հետ: Այս իմաստով՝ Fitch-ի փորձագետները, կարելի է ասել, նրբանկատորեն շրջանցել են այն վիճակագրությունը, ես կասեի խայտառակ իրավիճակը, որ գոյություն ունի ներդրումների բնագավառում, արտաքին ներդրումների մասին է խոսքը», - ընդգծեց Ատոմ մարգարյանը:

Անդրադառնալով գնաճին, Fitch-ը նշում է, որ գնաճն արագացել է վերջին երեք ամիսների ընթացքում՝ 2021-ի փետրվարին հասնելով 5,3 տոկոսի՝ 2020 թվականին 1,2 տոկոս միջին ցուցանիշից հետո: Fitch- ը կանխատեսում է, որ կարճաժամկետ գնաճը կնվազի՝ 2021-ին հասնելով միջինը 3,5 տոկոսի, որը Կենտրոնական բանկի 4 տոկոսանոց ցուցանիշից քիչ է տարբերվում: Այս կանխատեսումները ևս տնտեսագետը անհիմն լավատեսական է համարում. «Գնաճը համենայն դեպս վերջին չորս ամիսներին կարելի է ասել խիստ բացասական դրսևորումներ ունի և չի երևում, որ հետագա ամիսներին անկում կգրանցվի, եթե նայենք ինչ է կատարվում հատկապես մեր սպառողական պարենամթերքի շուկայում»

Fitch-ը դրական է գնահատել հայաստանյան բանկերի գործունեությունը, որոնք կարողացան դիմանալ 2020 թվականի ցնցումներին, բայց անցած տարի աճել է բանկային համակարգի խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը, ինչը պայմանավորված էր երկրում ստեղծված իրավիճակով։ Fitch-ի գնահատականների հիմքում առաջիկա քաղաքական՝ անցնցում զարգացումներն են, սակայն հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, Ատոմ Մարգարյանը այդքան էլ իրատեսական չի համարում։

Անդրադառնալով քաղաքական իրավիճակին, Fitch-ը ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կպահպանի մեծամասնությունը առաջիկա արտահերթ ընտրություններում: Այս ակնկալիքի հետ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համակարծիք չէ։ 1-2 ամիս առաջ, երբ համաշխարհային վարկանիշավորող ընկերությունը իրականացրել է իր ուսումնասիրությունը գուցե այդպես էր, այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրել։

«Հիշում եք այդ ճգնաժամը, որը կար՝ բանակ կամ Գլխավոր շտաբ-Նիկոլ Փաշինյան, այդ ճգնաժամից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք թավիշից հրաժարվում ենք, գնում ենք կտրուկ քայլերի, վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր գործերը կարճվել են: կարճվել են կա՛մ դատախազության կողմից, կա՛մ քննչական մարմինների, կա՛մ դատարանները համապատասխան որոշում են ընդունել: Այսօր ամեն ինչ շատ արագ է փոխվում, մենք տեսնում ենք այդ տենդենցը, հիասթափությունը մեծանում է, խոսքեր լսում եմ, գործ չիկա», - ասաց քաղաքագետը:

Պատերազմը նաև ամրապնդեց Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ անվտանգության և տնտեսական հարաբերությունների առումով: Fitch-ի վերլուծությունում նաև նշվում է, որ թեպետ ակնկալվում է, որ Փաշինյանը կկարողանա պահպանել իշխանությունը, սակայն աջակցությունը նրա կառավարությանը նվազել է պատերազմից հետո, ինչը կարող է սրել մարտահրավերները կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

«Ակնհայտ է՝ եթե կառավարության վարկանիշն անկում է ապրում, ուրեմն այն ռեֆորները, որ նախատեսում է կառավարությունը, կարող են չիրականանալ, ինչը մենք ամեն օր տեսնում ենք: Գրեթե ամեն օր մենք տեսնում ենք հետընթաց այդ բարեփոխումներից, դա ֆինանսական ոլորտում կլինի, տնտեսական կամ կառուցվածքային, մենք դա տեսնում ենք», - նշեց Ստեփանյանը:

Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտության բացասական հետևանքը, ըստ Fitch-ի, կշարունակվի, քանի որ Հայաստանում կան տասնյակ հազարավոր փախստականներ։ Բացի այդ, չնայած ռուսական խաղաղապահ ուժերի առկայությանը, Fitch-ը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կարող է կրկին սրվել ապառազմականացված գոտու բացակայության պատճառով: Ամենաբարձր վարկանիշն, ըստ Համաշխարհային վարկանիշավորող ընկերության, Հայաստանը գրանցել է 2018թ-ին՝ հեղափոխությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG