Մատչելիության հղումներ

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, հայտարարում է վարչապետը


Չնայած կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով տնտեսության ստացած հարվածներին՝ այսօր կառավարության նիստում վարչապետն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահը հայտարարեցին, որ առաջին եռամսյակում բյուջեի մուտքերն ակնկալվածից ավելի են 22 միլիարդ դրամով:

«Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով, և առևտրի շրջանառությունն էական աճ է արձանագրել», - նշեց վարչապետ Փաշինյանը:

Հիմնականում առևտրաշրջանառությամբ պայմանավորված տնտեսության այս ակտիվությունը 2021-ի առաջին եռամսյակում կառավարությունը չէր կանխատեսել, և բյուջեի հիմքում ավելի համեստ հաշվարկներ էին դրվել: Ըստ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի՝ գերազանցել են նախորդ տարվա նույն եռամսյակի արդյունքները:

«Մասնավորապես առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամիսն ունի հետևյալ պատկերը՝ մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 միլիոն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 միլիարդ դրամ: Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 միլիարդ դրամ», - ներկայացրեց Հովհաննիսյանը:

Կառավարությունը կանխատեսել էր, որ 2021 թվականի առաջին եռամսյակում հավաքելու էին մոտ 305 միլիարդ դրամ, սակայն տնտեսվարողներն ավելի շատ հարկեր են մուծել, ինչից հետո վերահաշվարկ կարվի նաև բյուջեում:

«Առաջին եռամսյակի արդյունքներով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 միլիարդ դրամով: Սրանք, կարծում եմ, բավականին լավ ցուցանիշներ են», - ասաց վարչապետը:

Տնտեսագետներին չի զարմացնում բյուջեի եկամուտների ավելացումն անցյալ տարվա համեմատ, քանի որ 2020-ի մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն և կարանտին, փակվեցին առևտրի կենտրոնների մեծ մասը, սրճարանները, ռեստորանները և այլն։

Տարվա առաջին եռամսյակում հավաքված հարկերը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հիմնականում հենց մարտ ամսվա հաշվին, նկատում է Վահագն Խաչատրյանը. «Այստեղ պարզապես վիճակագրությունը է: Վիճակագրությունը փաստում է այն, ինչ որ կա, իսկ վիճակն այն է, ինչի մասին ասացի, որ բազան ցածր է եղել, և հիմա մենք արդեն կարձանագրենք ավելի լավ թվեր»:

Պետեկամուտների կոմիտեից բացի վիճակագրություն է հրապարակել նաև Կենտրոնական բանկը. հունվարի համեմատ փետրվարին բանկերում ավելացել են ավանդները, աստիճանաբար վերականգնվում են կորոնավիրուսից տուժած տնտեսության ճյուղերը: Իսկ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում են դրական փոփոխությունները, եթե պետությունը շարունակի աջակցել այդ ոլորտին, ինչպես արել է վերջին 2 տարիների ընթացքում: Այս զարգացումները հաշվի առնելով, տնտեսագետի կարծիքով, պետության եկամուտները կշարունակեն աճել նաև առաջիկա ամիսներին անցած տարվա համեմատ, որը 7,5 տոկոսանոց տնտեսական անկման տարի էր։

«Նաև մեր տնտեսության կառուցվածքում է փոփոխություն տեղի ունեցել: Անցյալ տարի արված թեկուզ 7,5 տոկոս անկումը, որ ավելի մեծ չեղավ, դրա մեջ մեծ ներդրում ունի գյուղատնտեսությունը: Հնարավորություն է տրվել, փաստորեն ազատ ցանկացած մարդու, քաղաքացու, ընտանիքի, խմբի մեծ ներդրումներ կատարել, Հայաստանի գյուղատնտեսության մասշտաբներով մեծ, որը նաև արագ արդյունք է տալիս նայած ինչ եք ցանում՝ վարունգ, լոլիկ, կանաչեղեն: Եթե 3 տոկոսանոց տնտեսական աճ այսօր մենք ունենանք տարվա կտրվածքով, դա մեծ հաջողություն է», - նշեց Խաչատրյանը:

Տնտեսությունն աստիճանաբար կայունանում է, սակայն քաղաքացիների գրպանի համար դա գրեթե նկատելի չէ գնաճի պատճառով. Հայաստանում շարունակվում է գնաճն ու դրամի արժեզրկումը. «Հիմնական պատճառը համաշխարհային շուկայում սննդամթերքի և տրանսպորտային փոխադրումների գների թանկացումն է»:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով՝ երկրում կան արտարժույթի մեծ պահուստներ։ Վահագն Խաչատրյանն ասում է՝ առաջիկայում արդեն կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է որոշեն՝ ինչ քաղաքականություն վարել. կատարե՞լ տնտեսություններում մեծ ինտերվենցիաներ ու զսպել դրամի արժեզրկումը, որոշ չափով նաև գնաճը, թե ոչ, որն իր հերթին նաև աջակցություն կլինի արտահանողներին։

«Լավ բան չէ, երբ որ դու տնտեսական իմաստով տնտեսության չարչարանքի գնով ձեռք բերված արժույթը շուկայում փորձում ես նույնիսկ որոշակի քաղաքացիների վարքագծի հետ կապված և ոչ թե տնտեսական երևույթների հետ պայմանավորված շուկայում հանես վաճառես: Եթե այդ արտարժույթը դու կարող ես վաճառել, առավել ևս այս տարի մենք ունենք շատ կարևոր խնդիր՝ Արցախի վերականգնում, սահմանամերձ շրջաններ, և ընդհանրապես տնտեսական ակտիվության համար սա լրիվ ուրիշ է, այդպես էլ պետք է լիներ», - ասաց Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG