Մատչելիության հղումներ

Հարյուրից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ նախագահ Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Ավելի քան հարյուր ամերիկացի կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սպիտակ տան ղեկավարին հղած նամակը ստորագրել են 107 օրենսդիրներ՝ ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններից։

«Ապրիլի 24-ին աշխարհը նշելու է հայերի ցեղասպանության առաջին օրերի 106-ամյա տարելիցը՝ Օսմանյան կայսրությունում 1915-ից մինչև 1923 թվականները տեղի ունեցած 1,5 միլիոն հայերի սպանությունները և ավելի քան մեկ միլիոնի տեղահանումները։ Տասնամյակներ շարունակ, երբ աշխարհի առաջնորդները ճանաչել են 20-րդ դարի առաջին այդ ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանել», - ասվում է նախագահ Բայդենին հասցեագրված ամերիկացի օրենսդիրների նամակում։

«Պարոն նախագահ, ինչպես Դուք էիք նշել անցած տարվա ապրիլի 24-ին Ձեր հայտարարությունում՝ «լռությունը հանցակցություն է»։ Միացյալ Նահանգների կառավարության խայտառակ լռությունը հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ շատ երկար է տևում, ինչին պետք է վերջ դրվի», - հիշեցրել են կոնգրեսականները՝ կոչ անելով Սպիտակ տան ղեկավարին կատարել խոստումը և ասել ճշմարտությունը։

Այս նամակը ստորագրած կոնգրեսականներից շատերի՝ այդ թվում Ադամ Շիֆի, Ֆրենք Փալոնի, Դեյվիդ Վալադաոյի, Ջեքի Սփայերի ջանքերով էր 2019 թվականին, չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին, ամերիկյան Սենատը միաձայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թեև այդ բանաձևը օրենքի ուժ չունի և ըստ ընթացակարգի չի պահանջում Սպիտակ տան ղեկավարի ստորագրությունը, այդուհանդերձ, այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել էր աջակցել նախաձեռնությանը՝ շարունակելով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կիրառել «զանգվածային վայրագություններ», «եղեռն» եզրույթները։

Ի տարբերություն Թրամփի՝ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել էր Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը: «Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը», - հայտարարել էր Բայդենը և 2020-ի ապրիլին խոստացել ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Միացյալ Նահանգները իր հարկի տակ ապաստանած հարյուր հազարավոր հայերի նախնիների ցեղասպանությունն առաջին անգամ ճանաչել է դեռևս 1951 թվականին՝ ամերիկյան կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության միջոցով։

Ցեղասպանության փաստը 1981 թվականին հաստատել էր նախագահ Ռոնալդ Ռեյգանը։ 1965 թվականից սկսած Ամերիկայի 49 նահանգներ՝ բացի Միսիսիպիից, պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Ըստ տարբեր գնահատականների՝ Հայոց ցեղասպանության առաջին օրերից սկսած և դրան հաջորդած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում սպանություններից փրկված հայերին ամենամեծ մարդասիրական օգնությունը հատկացրել է հենց Միացյալ Նահանգները․ ամերիկյան հանգանակությունների շնորհիվ փրկվել է շուրջ մեկ միլիոն հայազգի փախստական՝ այդ թվում մանկահասակ որբ երեխաներ, կառուցվել են շուրջ 400 մանկատներ, խնամքի կենտրոններ, հիվանդանոցներ, ինչպես նաև կրթական հաստատություններ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։

XS
SM
MD
LG