Մատչելիության հղումներ

«Ջո Բայդենը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը», հայտարարում է Մայքլ Ռուբինը


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, արխիվ, Երևան, 24 ապրիլի, 2020թ.
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, արխիվ, Երևան, 24 ապրիլի, 2020թ.

Որքան մոտենում է դժնդակ Ապրիլ 24-ն, այնքան ավելի հաճախ է ամերիկյան մամուլում և քաղաքական շրջանակներում արծարծվում Հայոց ցեղասպանության թեման: Ամերիկայում նոր վարչակազմ է՝ ինչպիսի՞ն կարող է լինել նոր նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը:

Այս տարվա հունվարին Սպիտակ տունն ազատած հանրապետական Դոնալդ Թրամփը կիրառել է իր նախորդի՝ դեմոկրատական Բարաք Օբամայի օրոք շրջանառության մեջ դրված եզրույթը՝ «Meds Yeghern»:

Մի կողմից, այդ բանասրիական հմուտ հնարքով Օբաման մասամբ կատարել է ցեղասպանությունը ճանաչելու խոստումը, դրան պետք է ավելացնել նաև ուղերձի բովանդակությունը, քանի որ այդպիսի ձևակերպումներով հնարավոր էր միայն ցեղասպան գործողություն նկարագրել, բայց, մյուս կողմից, ուղերձում չի եղել ամենագլխավորը՝ «genocide» բառը:

Ամեն տարի Ապրիլ 24-ին Անկարայում սարսափով են լուրեր սպասում Վաշինգտոնից և մտածում են՝ «ինչ էլ լինի տեքստում, նույնիսկ մի ժողովրդի դաժան և միտումնավոր սպանդի մանրամասն նկարագրություն, կդիմանանք, բողոք կհայտնենք, դեսպան հետ կկանչենք, միայն թե «genocide» եզրույթը չլինի»։

Եվ ահա 2021 թվականի ապրիլի 24-ից շուրջ 10-ն օր առաջ ամերիկացի փորձագետ, «Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ» անկախ, ոչ պետական, պահպանողական հետազոտական կենտրոնի աշխատակից Մայքլ Ռուբինը «The National Interest» հանդեսում հրապարակել է վերլուծություն «Ջո Բայդենը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը» խոսուն վերնագրով:

Հեղինակի փոխանցմամբ, «ամեն ինչ վկայում է, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ»:

Ռուբինը հիշեցնում է, որ անցյալ տարվա ապրիլի 24-ին նախագահության թեկնածու Բայդենը Թվիթերում գրել է, թե ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը:

Այս տարվա մարտի 22-ին «Eurasia Group» քաղաքական ռիսկերն ուսումնասիրող հետազոտական կենտրոնի հիմնադիր, վերլուծաբան Իեն Բրեմերը հաղորդել է, որ ցեղասպանության ճանաչումը վարչակազմի օրակարգում է, ավելին, ըստ Բրեմերի, ճանաչման կողմնակից է նաև փոխնախագահ Քամալա Հարիսն, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2019 թվականի բանաձևի համահովանավորներից էր:

Բայց Մայքլ Ռուբինը բնավ չի պնդում, թե Բայդենն անպայման կճանաչի պատմական փաստը: Եվ ահա թե ինչու: «Կառավարություններին բնորոշ է այսպիսի միտում՝ պաշտոնատար անձինք շահավետ են համարում պատմության աղավաղումը կամ կոնկրետ ողբերգության անտեսումը հանուն կարճաժամկետ դիվանագիտական անհրաժեշտության»:

2013-17 թվականներին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը նույնիսկ գիրք է գրել այդ թեմայով, բայցև չի կարողացել բարոյական առումով վստահ պաշտպանել հայության դատը և ավելին՝ անտեսել է այն տարիներին Սիրիայում շարունակվող ցեղասպանությունը:

Պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է մեծ տեղ հատկացնել մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց արդեն դրսևորել է հանուն քաղաքականության՝ սկզբունքներից հետ կանգնելու ունակություն, օրինակ, պետական դեպարտամենտի վերջին զեկույցում ներկայացված են Իրանում բողոքի ակցիաները ցրելու ժամանակ տուժածների ավելի նվազ թվեր, ինչը, ենթադրաբար, ավելի դյուրին կդարձնի Բայդենի դիվանագիտությունը Թեհրանի նկատմամբ:

Ինչպեսև Օբամայի օրոք էր, պետական քարտուղարը խախտել է Իրանի բանտերում պահվող ամերիկացի պատանդներին սատարելու խոստումը, ենթադրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության թեման կխանգարի իրանցի դիվանագետների հետ աշխատանքային հարաբերություններին:

Նույն բարոյական անսկզբունքայությունն է Աֆրիկայի վերաբերյալ, քանի որ արտաքին գերատեսչության վերջին զեկույցը ձեռնտու է Ռուանդայում թութսիների ցեղասպանության թվերը նվազեցնող հուտու ռևիզիոնիստներին:

Մայքլ Ռուբինի համոզմամբ, Բայդենի վարչակազմում, պետական դեպարտամենտում և Պենտագոնում շատերը կարող են ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խոստումն ուրանալու պատճառներ և բարոյական արդարացումներ:

Կա հզոր թուրքական լոբբի պետական դեպարտամենտում, իսկ Պենտագոնն էլ Ինջիրլիքի ռազմակայանի կարիքն ունի:

Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ձեռքերը միշտ պետք է ազատ լինեն:

Մինչդեռ, Վաշինգտոնում մտահոգված են Էրդողանին զայրացնելու հնարավոր հետևանքներով, օրինակ, ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիան կարող է հզորացնել ճնշումը Միջերկրականի արևելյան շրջանում: Արդեն կան ազդակներ, որոնք վկայում են Բայդենի և Բլինքենի դիրքերի սասանման մասին՝ Վաշինգտոնը կոշտ է խոսել Անկարայի հետ, բայց Անկարան իր ձեռքն է վերցրել Աֆղանստանի բանակցային գործընթացը:

Բացի այդ, ըստ Ռուբինի, կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այնտեղ Թուրքիան և Ադրբեջանը 44-օրյա պատերազմ են սանձազերծել, հաստատված խաղաղությունը շատ փխրուն է:

Ցեղասապանության ճանաչումից հրաժարվելու քաղաքական բացատրությունը չի կարող արդարացնել պատմությունը խեղաթյուրելու և այն հօգուտ մեղավորի խմբագրելու փորձերը:

Թուրքիան և Ադրբեջանը սեպտեմբերյան անակնկալ հարձակումը կազմակերպել են այն օրերին, երբ դրանից 100 տարի առաջ Թուրքիան ներխուժել է անկախ Հայաստան:

Այդպես Էրդողանն ու դիկտատոր Իլհամ Ալիևը թույլ են տալիս ենթադրել, որ նրանց վերջնանպատակն է վարել կրոնական պատերազմ և արմատախիլ անել Հայաստանը:

Բայդենը և Բլինքենը պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ռուբինի համոզմամբ, եթե Թուրքիան զգա Վաշինգտոնի թուլությունը, եթե համոզվի, որ այս աշխարհում պարծենկոտությունը պատասխանատվությունից բարձր է դասվում, ուրեմն ապագայում կշարունակի ագրեսիան, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև քրդերի ու Կիպրոսի նկատմամբ:

Ուստի, Հայոց ցեղասպանության ճանաչումը և՛ արդար է, և՛ իմաստուն: Ավելին, ըստ Ռուբինի, նախագահ Բայդենը և պետքարտուղար Բլինքենը պետք է չեղարկեն Ադրբեջանին ամերիկյան օգնության մերժումը սահմանող հայտնի 907 բանաձևի սառեցումը:

Վաշինգտոնն Անկարային և Բաքվին պետք է դատապարտի սիրիացի վարձկաններ օգտագործելու համար:

Թրամփի վարչակազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ էր նշանակել ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների համեմատությամբ ցածր աստիճան ունեցող դիվանագետի: Դեսպան նշանակելու փոխարեն Բլինքենը կարող է այդ առաքելությունը վստահել պետքարտուղարի օգնականին:

Կոսովոյի հակամարտությունը կարգավորելու եղանակով, Միացյալ Նահագները կարող է նման տարբերակ առաջարկել նաև Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հայկական կազմավորման համար:

Բացի այդ, Մայքլ Ռուբինը համոզված է, որ Բլինքենը պետք է Ստեփանակերտ գործուղի մշտական կարգով հավատարմագրված դիվանագետ:

XS
SM
MD
LG