Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատական ճամբարի առաջատար թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները կոչում է Ցեղասպանություն և պնդում է՝ Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի այդ հարցում իր դիրքորոշումը:
«Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել», - շաբաթասկզբին գրել է Բայդենը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղարկած նամակում:
«Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը», - պնդել է Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահը, հավելելով. ֊ «Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»:
Նախագահական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ դիմելով Ամերիկահայ համայնքի ազդեցիկ կազմակերպություններից մեկին՝ Բայդենը գրել է. ֊ «Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են ձեր ձայնի և ձեր առաջնորդության շնորհիվ, և ես հավատում եմ, որ շարունակելու եք խոսել և պայքարել անարդարության դեմ, որտեղ էլ այն լինի»:
Ցեղասպանության խնդրից բացի նախագահության թեկնածուն խոսել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ շնորհակալություն հայտնելով դրանք ամրապնդելու ուղղությամբ Հայ դատի շարունակական հանձնառության և առաջնորդության համար:
«Այն ժամանակ, երբ ժողովրդավարական սկզբունքներն ամբողջ աշխարհում հարձակման են ենթարկվում, և տասնամյակների առաջընթացը վտանգված է, մեր ընդհանուր արժեքների և ապագայի նկատմամբ մեր ընդհանուր տեսլականի համարձակ պաշտպանությունը ավելի կարևոր է դառնում, քան երբևէ», - գրել է Ջո Բայդենը:
Հրապարակելով վերջինիս նամակը՝ Հայ դատի հանձնախումբը նշում է, որ որպես սենատոր` Բայդենը դեռ 1990-ից շարունակաբար աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնություններին: 2007-ին նա բանաձև է հեղինակել՝ կոչ անելով հարգել թուրքաբնակ հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, ով սպանվեց Հայոց ցեղասպանության հարցը բարձրացելու համար: Հենց այդ տարիներին «Լոս Անջելես Թայմսին» տված հարցազրույցում Բայդենը ասել էր՝ ես աջակցում եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը շատ պարզ մի պատճառով՝ իմ փորձառությունը ցույց է տալիս, որ չես կարող ամուր հարաբերություններ ունենալ երկրի հետ, որը հիմնված է ստի վրա»:
«Այնուամենայնիվ, իշխանության գալուց հետո, Օբամա-Բայդեն վարչակազմը պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված բոլոր գործընթացներին` շարունակելով լինել Թուրքիայի ժխտողական քաղաքականության մի մասը», - հիշեցնում է Հայ դատի հանձնախումբը, շարունակելով,- «2010-ին Օբամա-Բայդեն վարչակազմը ընդդիմացավ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձևին, և գրավոր հորդորել էր ամերիկացի օրենսդիրներին դրան դեմ քվեարկել:
Ի դեպ, նույն, 2010 թվականին YouTube կայքում անանուն աղբյուրի կողմից մի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը ուղիղ հարց էր ուղղել այդ ժամանակ դեռ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին՝ այս մասով ինչ փոխանցենք ամերիկահայերին։
«Մենք հետ չենք կանգնում մեր դիրքորոշումից, որ թուրքերը պետք է ընդունեն իրականությունը: Փոխանցեք ամերիկահայերին, որ Ձեր նախագահն է զանգել ինձ և ասել, որ մենք չպնդենք ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, քանի դեռ հայ-թուրքական բանակցություններն ընթացքի մեջ են», - եղել էր պատասխանը։
Ավելի ուշ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն էր տարածել և հերքել, թե նախագահ Սերժ Սարգսյանը Բայդենի հետ զրույցում նման հարց է բարձրացրել:
Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը ևս պնդել էր, թե Ջո Բայդենի հետ զրույցներում Սարգսյանը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունը՝ «ուղղակի կամ անուղղակի»:
76 ամյա Բայդենը ամերիկյան նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարեց այս տարվա ապրիլին, ընդ որում, սա արդեն Սպիտակ տան ղեկավար դառնալու նրա երրորդ փորձն է: Առաջին անգամ նա թեկնածությունն առաջադրել էր 1988-ի ընտրություններում, երկրորդ անգամ՝ 2008-ի, բայց երկու դեպքում էլ քարոզարշավը մինչև վերջ չէր տարել, և ընտրություններից առաջ դեռ դադարեցրել էր պայքարը:
Այժմ, ըստ սոցիոլոգիական հարցումների, նա ամենաբարձր վարկանիշն ունի հաջորդ տարվա նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուների շրջանում: