Մատչելիության հղումներ

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները բողոքարկելու են դատական նիստերը հեռավար անցկացնելու որոշումը


Երկու տարի առաջ գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին դաժանորեն ծեծելու ու նրան մահվան հասցնելու համար մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական նիստը այսօր էլ հետաձգվեց, քանի որ նյութերը ամբողջությամբ ռուսերեն չէին թարգմանվել։ 

57-ամյա կինը դաժան ծեծի էր ենթարկվել վաղ առավոտյան աշխատանքի գնալիս, ստացած ծանր վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում։

Նրա դուստրը «Ազատությանը» ասել է, որ մայրը չէր էլ ճանաչում ամբաստանյալին, և մինչ օրս իրենց համար հանելուկ է, թե ինչը կարող էր դրդել նրան նման արարքի։

Մեկ տարուց ավելի է գյումրեցիներն ցնցած այս գործը դատարանում է, սակայն ընդամենը մի քանի նիստում է ապահովվել ամբաստանյալի ներկայությունը, այն էլ՝ հեռավար կարգով, նա նիստին տեսակապով է մասնակցում։

Դատական նիստը հեռավար անցկացնելու դատարանի կայացրած որոշումը բողաքարկելու են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները: Փաստաբան Արայիկ Զալյանը դա անօրինական է համարում․ - «Մենք Բարձրագույն դատական խորհրդից համապատասխան մեկնաբանություններ էինք պահանջել։ Դեռևս պաշտոնապես չենք ստացել մեկնաբանությունները, բայց այնուամենայնիվ, ես իմ կարծիքը չեմ փոխի։ Ամեն դեպքում, մենք տվյալ որոշման հետ համաձայն չենք, տուժող կողմը միշտ բողոքելու է և իր բողոքները արտահայտելու է տարբեր միջոցներով»։

Փաստաբանն ասաց, որ իրեն նման նախադեպ հայտնի չէ․ - «Մեղադրողներին հարցրեք։ Իրենք քրեական ոլորտում մեծ պրակտիկա ունեն»։

Հարցին, թե սատարանն ի՞նչ հիմնավորում է ներկայացրել հեռավար դատական նիստ անցկացնելու համար, Զալյանը պատասխանեց․ - «Ե՛վ կորոնավիրուսն է վկայակոչում դատարանը, և՛ վկայակոչում է այն, որ քրեական դատավարությունը արգելք չի նախատեսում»։

Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը՝ փաստաբանը պնդեց, որ ամբաստանյալի մասնակցություն պարտադիր է

Նշված հոդվածը սահմանում է, որ դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է։ Կա մեկ բացառություն, երբ դատարանը սանկցիա է կիրառում ամբաստանյալի նկատմամբ ու հեռացնում նիստերի դահլիճից:

Հեռավար դատ անցկացնելու վերաբերյալ մեղադրող կողմի դիրքորոշումը ճշտել չկարողացանք, դատախազները շատ արագ հեռացան: Մեղադրող կողմը այսօր, այդուհանդերձ, հասցրել էր ներկայացնել ռուսական ռազմաբազայի զինծառայողի մեղադրանքը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանն ասում է՝ ամբաստանյալը չի ընդունում մեղադրանքը, կողմերի հարցերին էլ չի պատասխանում: Հարցերին կպատասխանի ցուցմունք տալու ժամանակ:

Ի դեպ, 25-ամյա Անդրեյ Ռազգիլդեևը չի ցանկանում որ իրեն տեսանկարահանեն:

Դատական հաջորդ նիստը փետրվարի 22-ին է:

XS
SM
MD
LG