Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հավելյալ 1 մլն դոլար է տրամադրում` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացին աջակցելու համար


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) միջոցով, լրացուցիչ 1 միլիոն է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու Հայաստանի կառավարության ջանքերը։

Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան 11 միլիոն դոլար։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար, ասված է գործակալության հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունում։

ԱՄՆ ՄԶԳ-ն այս ֆինանսական միջոցները հատկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հայտարարել է. - «Համաճարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ը գործակցել է Հայաստանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին` հաղթահարելու COVID-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»:

«Համավարակի բռնկումից մինչ օրս Միացյալ Նահանգները սերտորեն գործակցում է Հայաստանի հետ՝ հանրային առողջության պահպանման և COVID-19-ի դեմ արձագանքն ուժեղացնելու ուղղությամբ: Այս համագործակցությունը ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում, ինչպես նաև դիմակայունության խթանում փոքր բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին՝ դրամաշնորհների տրամադրման միջոցով», - նշված է հաղորդագրությունում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG