Մատչելիության հղումներ

Ներկրված պատվաստանյութերը դեռ մաքսազերծման ու բաշխման փուլում են․ Առողջապահության նախարարություն


Հայաստան ներկրված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը դեռ մաքսազերծման ու բաշխման փուլում են, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Չնայած, որ նախապես հայտարարվել էր, թե պատվաստումները պետք է մեկնարկեն ապրիլի 7-ից, այդուհանդերձ դեռևս հստակ չէ, թե գոնե ռիսկի խմբի քաղաքացիների երբ կսկսեն պատվաստվել։

Օրերս Հայաստան էր ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափ։ Ավելի վաղ միջազգային Covax Facility նախաձեռնության շրջանակներում ստացվել էր AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ։ Այս ընթացքում Հայաստանում համաճարակային իրավիճակը օր օրի լարվում է, նախորդ մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1029-ով։

«Սա մեր բնակչության մասշտաբով բավականին մեծ թիվ է, և ինքներդ էլ եք հասկանում, որ սա ամբողջ չէ։ Կան մարդիկ, ովքեր չեն թեստավորվում, կամ ընտանիքից մեկը թեստավորվում է, մյուսների մոտ նույն կլինիկական երևույթների առկայությունը արդեն դատում են քովիդի մասին և լրացուցիչ թեստ չեն հանձնում։ Այսինքն՝ իրական թիվը մեծ հավանականությամբ բավականին ավելի է, քան գրանցված դեպքերի թիվը», - ասում է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը։

Մասնագետի խոսքով, Հայաստանում համաճարակային լարված իրավիճակը մեղմելու համար պետք է պատվաստումների գործընթացն ավելի վաղ սկսվեր. - «Պատվաստումները այս պահին արվող դեղաչափով, որը նախատեսվում է Հայաստանում իրականացնել, սա իմուն շերտ ձևավորել դեռևս ունակ չի։ Մեզ պետք է ավելի մեծամասշտաբ, ավելի զանգվածային գործընթաց, որպեսզի պատվաստումը իրոք ունենա իր արդյունավետությունը տեսանելի ապագայում։ Այս պահին ռիսկի խմբերի պատվաստումը նպատակ ունի կանխել ծանր ձևերը, նվազեցնել մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը և կանխել մահերը։ Մենք այսօր, ցավոք սրտի, ունենում ենք ամեն օր քսանից ավելի մահվան ելք, իսկ սա մեր փոքր երկրի համար բավականին մեծ թիվ է։ Պատվաստանյութը իհարկե լինելու է այս տարբերակով հարցի լուծում, բայց դեռևս հիվանդացության վրա այն էական ազդեցություն չի ունենա, որովհետև մեզ պետք է ավելի լայնամասշտաբ ընդգրկվածություն»։

Չի նվազում հիվանդությունից մահվան դեպքերի թիվը։ Մեկ օրում մահացել է 22 մարդ, ևս 4 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել են այլ հիվանդության պատճառով։

Հայաստանում քովիդից ու քովիդով վարակված, բայց այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվն անցնում է 4600-ը։ «Պատվաստումները սկսելու դեպքում մահվան դեպքերի նվազում կլիներ», - ասում է համաճարակաբանը։ - «Այսօրվա պատվաստանյութի արդյունավետությունը հենց այդ խմբի համար է ապացուցված, որ թիրախային խմբերը, ռիսկի խմբերը՝ 65 պլյուսի, քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ հարյուր տոկոս կանխում է ծանր ձևերը և մահացությունը»։

Կորոնավիրուսով վարակված 987 մարդ այս պահին գտնվում է ծանր, 241-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 78-ն էլ թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված։
Քովիդով հիվանդներին սպասարկում է 21 բժշկական կենտրոն, որոնցից 10-ը՝ մարզային։ Առողջապահության նախարարությունը մահճակալային ֆոնդի գերծանրաբեռնվածության մասին է բարձրաձայնում․ վերակենդանացման բաժանմունքներում 323 զբաղված մահճակալ կա, ազատ է ընդամենը ընդամենը 8-ը։ Ընդհանուր առմամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 2364 անձ, գրեթե 14 հազար վարակակիր էլ տանն է բուժվում։

XS
SM
MD
LG