Մատչելիության հղումներ

Հակոբ Արշակյանից վարչապետի աշխատակազմն «այս պահին հրաժարականի դիմում չի ստացել»


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից վարչապետի աշխատակազմն այս պահին հրաժարականի դիմում չի ստացել, «Ազատության»-ը փոխանցեց փարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով առավոտից տարածվող լուրերին, թե նախարարը հրաժարական է տվել։

Արշակյանը վերջին շրջանում սկանդալների կենտրոնում էր. մոտ երկու շաբաթ առաջ նախարարը հարվածել էր Irakanum.am կայքի խմբագրին։ Այս պատմությունից հետո լրագրողական կազմակերպությունները հրաժարականի կոչեր էին անում, բայց պաշտոնանկություն չեղավ, նախարարը բավարարվեց ներողությամբ։

Մյուս աղմկահարույց պատմությունը կապված էր Աբու Դաբիում անցկացված ռազմաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի հետ։ Պետական բյուջեին 23 միլիոն դրամ արժեցած Հայաստանի տաղավարը մնացել էր առանց ցուցանմուշների։

Ի դեպ, նախարարությունը հրապարակել է ավելի քան մեկ ամիս տևած ծառայողական քննության արդյունքները. 2 աշխատակցի նկատողություն է տրվել, մեկին՝ խիստ նկատողություն։

Նախարարությունից, այնուհանդերձ, հարկ են համարել փոխանցել՝ ծառայողական քննություն իրականացնողները, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել են՝ «հայկական տաղավարը եղել է գրավիչ»։

XS
SM
MD
LG