Թեհրանից ստացված հաղորդագրության համաձայն, Իրանի ղեկավարները հայտարարել են, որ ուրանի 20 տոկոսի հարստացումը կշարունակվի, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի սահմանած պատժամիջոցներից:
Այդ մասին, վկայակոչելով մի անանուն իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է անգլերեն և ֆրանսերեն ծրագրեր հեռարձակող Press TV իրանական լրատվական ընկերությունը, որն արտահայտում է պաշտոնական Թեհրանի տեսակետը:
«Ուրանի 20 տոկոսի հարստացումը համապատասխանում է միջուկային գործարքի 36-րդ հոդվածին և կդադարեցվի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները կչեղարկի բոլոր պատժամիջոցները»,- ասել է անանուն պաշտոնյան և ավելացրել.- «Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը միայն ժամանակ է կորցնում, եթե ամենամոտ ապագայում ամերիկացիները չեղյալ չհայտարարեն բոլոր պատժամիջոցները, Իրանը կանի հետագա քայլերը միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու ուղղությամբ»:
Վաշինգտոնի և Թեհրանի միջև գերլարված նյարդային պայքար է, յուրաքանչյուր կողմ նկատել է տալիս, թե առաջին քայլն անպայման պետք է դիմացինն անի: Ամերիկացիներն ասում են, թե «սկսեք կատարել 2015 թվականի պայմանագրի դրույթները, մենք էլ աստիճանաբար կհանենք պատժամիջոցները»: Իրանն էլ պատասխանում է, թե «դուք եք 2018-ին առաջինը դուրս եկել պայմանագրից և վերականգնել սանկցիաները, դրանք հանեք, մենք կվերադառնանք պայմանագրին»: Եվ տակավին պարզ չէ, թե ով առաջինը տեղի կտա:
Բայդենը դեռ նախընտրական շրջանում նկատել է տվել, որ ցանկանում է լուծում գտնել: Մեկ ամիս առաջ ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ «թեպետ Վաշինգտոնի համբերությունն անսպառ չէ, նախագահ Բայդենը միևնույն է` համոզված է, որ Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու լավագույն ուղին դիվանագիտությունն է»:
Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, Վաշինգտոնն այս շաբաթվա ընթացքում մտադիր է Թեհրանին առաջարկել միջանկյալ լուծում, այն է՝ թուլացնել որոշ սահմանափակումները, պայմանով, որ Իրանը դադարեցնի ուրանի մինչև 20 տոկոսի հարստացումը և արդիականացված ցենտրիֆուգների աշխատանքը:
Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի վճռով 2018 թվականի մայիսին է դուրս եկել Իրանի և գերտերությունների կնքած միջուկային պայմանագրից, որի անունն է «Գործողության համատեղ և համապարփակ ծրագիր»:
Այն քննարկվել է 2013 թվականից: 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանն այդ փաստաթուղթը ստորագրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության ծանրքաշային Գերմանիայի հետ:
Այդ պայմանագրով Իրանը պարտավորվել է արտոնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցերը միջուկային օբյեկտներ, սահմանափակել ուրանի հարստացումը և ամբողջ միջուկային ծրագիրը:
Դրան ի պատասխան գերտերությունները պետք է աստիճանաբար չեղարկեին պատժամիջոցները և վերականգնեին առևտուրն Իրանի հետ:
Հրաժարվելով պայմանագրից՝ Թրամփը հայտարարել է, թե «այն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության պատմության ընթացքում երբևէ կնքված ամենաանհաջող փաստաթուղթն է, որը ձեռնտու է միայն Իրանին»:
Ուշագրավ է, որ փաստաթուղթը ստորագրած Ռուսաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան, ինչպես նաև ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները պնդել են, որ պետք չէ հրաժարվել երկարատև բանակցությունների արդյունքում համաձայնեցված այդ պայմանագրից: