Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Իրանի և միջազգային դաշնակիցների հետ՝ վերադառնալու 2015 թվականի միջուկային համաձայնագրին, որից Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել մոտ երեք տարի առաջ։
Միջուկային համաձայնագրին միացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն, իրենց հերթին, հորդորել են Թեհրանին զերծ մնալ վտանգավոր քայլերից և տարաձայնությունները հարթել բանակցությունների ճանապարհով։
Թեհրանը, մինչդեռ, այսօր վերստին պնդել է՝ առաջին քայլը պետք է անի Վաշինգտոնը։ Իրանն անմիջապես կվերանայի իր քայլերը, եթե Միացյալ Նահանգները «առանց որևէ նախապայմանի և արդյունավետ ճանապարհով վերացնի» Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները, Թվիթերում գրել է երկրի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը։
Անցած շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարել էր, թե Իրանը վերսկսել է մետաղական ուրանի արտադրությունը, ինչը կարող է միջուկային զենքի ստեղծման իրական հնարավորություն տալ։