Մատչելիության հղումներ

Զարիֆը ԱՄՆ-ին կոչ է անում Իրանի հանդեպ փոխել կուրսը


Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը այսօր ասել է, թե Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը վերականգնելու համար ԱՄՆ-ին քիչ ժամանակ է մնում։

Նա նշել է, որ հունիսին Իրանի նախագահական ընտրություններն են, որի պատճառով շուրջ կես տարի սպասողական իրավիճակ է տիրելու։

Թեհրանում, ելույթ ունենալով Եվրոպական քաղաքականության կենտրոնում, Զարիֆն ասել է, թե փոփոխություն չի տեսնում Իրանի հանդեպ Բայդենի ու Թրամփի վարչակազմերի քաղաքականության միջև և ԱՄՆ-ին կուրսը փոխելու կոչ է արել։

«Ինչո՞ւ են նրանք խոսում վերաբանակցելու, ուղղումների և այն խնդիրների մասին, որոնցով մենք արդեն զբաղվել ենք։ Իրանը դրա համար գին է վճարել։ Նրանք պետք է հրաժարվեն այդ քաղաքականությունից», - դժգոհել է Իրանի արտգործնախարարը։

«Ռոյթերս»-ը նշում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերականգնել 2015-ի միջուկային գործարքը, բայց Վաշինգտոնն ու Թեհրանը ցանկանում են, որ մյուս կողմը կատարի առաջին քայլը։

Հիշեցնենք՝ 2018-ի մայիսի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

XS
SM
MD
LG