Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) փետրվարի 23-ից հետո հասանելի չեն լինի Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկները: Դրանց տվյալները, սակայն, կպահպանվեն երեք ամիս և հասանելի կդառնան պաշտոնական Թեհրանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցների չեղարկման դեպքում, ասված է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններից հետո Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հրապարակած հայտարարությունում:
«Եթե 3 ամսվա ընթացքում [ԱՄՆ] պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվեն, Իրանը այդ տեղեկատվությունը կտրամադրի ՄԱԳԱՏԷ-ին, հակառակ դեպքում տվյալներն անդարձ կջնջվեն», - ասված է հայտարարության մեջ:
Իրանը և վեց գերտերությունները 2015 թվականին կնքել են միջուկային պայմանագիր, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել ուրանի հարստացումը, իսկ միջազգային համայնքը պետք է աստիճանաբար չեղարկեր պատժամիջոցները:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել այդ պայմանագրից, ինչից հետո Թեհրանը հայտարարել է, որ կվերականգնի ուրանի հարստացումը:
Թրամփին նախագահի պաշտոնում այս տարվա հունվարից փոխարինած դեմոկրատական Ջո Բայդենի վարչակազմը հնարավոր է համարում Թեհրանի հետ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադարձը: