Մատչելիության հղումներ

Covid-19. Ըստ մասնագետի` առաջիկայում շատ ծանր իրավիճակ կունենանք, եթե զգոնությունը չբարձրացվի


Հայաստանում արձանագրվել է այս տարվա նոր «ռեկորդը». կորոնավիրուսի նոր դեպքերն աճել են 1164-ով՝ հասնելով 186 հազար 184-ի։ Մահացել է ևս 14 մարդ, վարակված երեք մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանը վիճակագրությունը բավականին մտահոգիչ է համարում։

«Վերլուծություններն իրականացնում ենք 14 օրվա կտրվածքով` գաղտնի շրջանի ժամանակահատվածին համապատասխան, որպեսզի կարողանանք համաճարակաբանական միտումները և օրինաչափությունները բացահայտել: 14 օրվա նոր դեպքերի թիվը, համեմատելով նախորդ 14 օրվա հետ, ունենք 117 տոկոսով նոր դեպքերի աճ: Առաջիկայում շատ ծանր իրավիճակ կունենանք, եթե զգոնությունը չբարձրացվի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ, քանի որ արդեն առողջապահական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված, արդեն մահճակալների ֆոնդը սպառվել է, անընդհատ նոր հիվանդանոցներ են բացվում: Մենք կարող ենք ունենալ այն վիճակը, ինչ որ ունեինք աշնան ժամանակահատվածում, երբ հերթերում բժշկական օգնության և սպասարկման սպասող պացիենտներ ունեինք», - ասաց նա:

Նախարարությունից փոխանցում են՝ կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցների թիվը գնալով մեծանում է, բացի դրանից, արդեն կան մարդիկ, ովքեր հոսպիտալացվելու համար սպասում են իրենց հերթին։ Թվեր ասել նախարարությունից դժվարացան, քանի որ վիճակագրությունը ժամ առ ժամ է փոխվում:

«Վերջին շրջանում միայն երեք հիվանդանոց է ավելացել, Միքայել ինստիտուտն է ավելացրել բաժանմունք, Սպիտակի հիվանդանոցն է վերապրոֆիլավորվել, «Սուրբ Աստվածամայրն» է նորից ետպրոֆիլավորվել, չի բացառվում` ես մի հատ թիվ ասեմ, մի ժամ հետո նորից նոր հիվանդանոց բացվի: Ելնելով իրավիճակից` չի բացառվում, որ կարող է քննարկեն ավելի խիստ սահմանափակումներ կամ նոր սահմանափակումներ մտցնելու հարցը», - նշեց Ռոմելա Աբովյանը:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 հազար 398-ի, ևս 865 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է գրեթե 12.5 հազար մարդ։

XS
SM
MD
LG