«Համոզված եմ, որ Արտակ Դավթյանն իր առաքելությունը կշարունակի նույնպիսի բարձր մակարդակով, ինչպիսի բարձր մակարդակով սկսել էր», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ այցելելով Պաշտպանության նախարարություն, որտեղ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:
Նշելով, որ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով, վարչապետն արձանագրել է՝ Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ է եղել ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործել պետական գործերում։
Արտակ Դավթյանն, հիշեցնենք, 2018-ի մայիսից ղեկավարում էր Գլխավոր շտաբը։ 2020-ի հունիս, պաշտոնանկ արվեց կարանտինի պայմաններում որդու հարսանիքի պատճառով, երբ արգելված էին մարդաշատ միջոցառումները։
Վարչապետն այսօր ցուցումներ է տվել․ - «Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ»։
Ընդգծելով, որ 2018 թվականը Դավթյանին ԳՇ պետ ներկայացնելիս շատ կարևոր է համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը ճշգրտորեն պահպանվի, այսօր Փաշինյանն արձանագրել է՝ «այդ խնդիրը նույնպես Դուք կատարել եք շատ բարձր մակարդակով»:
«Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որևէ ձևով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարևոր է և համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաև հետագայում, ապագայում», - ասել է վարչապետը:
Փաշինյանը խնդրել ու պայմանավորվել է՝ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահել: «Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին։ Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում», - ասել է վարչապետը:
Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. - «Իհարկե տրված ցուցումները վերցնում ենք ի կատարում և վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով»:
Վարչապետն այսօր ավելի վաղ հայտարարեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին