Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյանը հայտարարում է՝ ՀՀ ԶՈւ-ն քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն


Հայաստանի զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն, այսօր իր ուղերձում ասել է ՀՀ ԶՈւ ԳՇ նոր պետ Արտակ Դավթյանը։

Նա ընդգծել է, որ Զինված ուժերը բացառապես առաջնորդվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ։

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները», - հայտարարել է Դավթյանը՝ շարունակելով՝ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։

Փաշինյանը մարտի 10-ին հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Նույն օրն ավելի ուշ նա միջնորդեց նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։ Նախագահն առարկություններով հետ ուղարկեց նախագիծը։ Եվս մեկ անգամ այն ստանալուց հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ այն չի ստորագրելու և չի դիմելու Սահմանադրական դատարան։ Իսկ եթե նախագահը ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում է Սահմանադրական դատարան, սա նշանակում է, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով է դառնում Գլխավոր շտաբի պետ։ Ճիշտ այդ եղանակով տեղի ունեցավ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը։

2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո Դավթյանը ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ 2020-ի հուլիսից մինչև նոյեմբեր Դավթյանը զբաղեցրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով օրերս նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG