Մատչելիության հղումներ

ԳՇ նախկին պետը Զինված ուժերի հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չի համարում


Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը Զինված ուժերի՝ վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջելու մասին հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չի համարում։

Միևնյուն ժամանկ Դավթյանն ընդգծում է՝ եթե հայտարարել են, ուրեմն ունեն այդ իրավունքը։

«Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ զինվորականներն իրավունք ունեի՞ն նման հայտարարություն անելու։ Կա գնահատական, որ չունեին քաղաքական հայտարարություններ անելու իրավունք։

Արտակ Դավթյան․ - Եթե հայտարարություն արել են, ուրեմն, կարծում եմ, որ ունեցել են այդ իրավունքը։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարմին կարող է հայտարարություն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պատասխանատվություն հայտարարության համար։ Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն, դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։

«​Ազատություն»​․ - Այսինքն՝ Դուք միանո՞ւմ եք Ձեր գործընկերների հայտարարությանը։

Արտակ Դավթյան․ - Չեմ մեկնաբանում, պաշտոնաթող եմ։

«​Ազատություն»​․ - Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում, կառավարությունը պե՞տք է հրաժարական տա՝ Փաշինյանի գլխավորությամբ։

Արտակ Դավթյան․ - Չեմ մեկնաբանում։ Հեռուստատեսությամբ եղան իմ անունից հայտարարություններ, վերաորակավորումներ, որոնք տալիս են որակավորումներ տվյալ հայտարարությունների վերաբերյալ, ես ուզում եմ ասել, որ ես նման որակավորումներ չեմ տվել։

«​Ազատություն»​․ - Ի՞նչ որակավորման մասին է խոսքը։

Արտակ Դավթյան․ - Տալիս են ռազմական հեղաշրջման վերաբերյալ որակավորում, ինչպես նաև բախումների վերաբերյալ որակավորում, որը ես չեմ տվել տենց որակավորում։

Նշենք, որ այսօր Հայաստանի Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG