Վարչապետը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները կրկին ուղարկել է նախագահին, «Ազատությանը» հայտնեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, նույն օրն ավելի ուշ միջնորդեց նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։ Արմեն Սարգսյանն էլ առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու՝ վարչապետի առաջարկությունը:
Հիշեցնենք՝ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո Դավթյանը ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ 2020-ի հուլիսից մինչև նոյեմբեր Դավթյանը զբաղեցրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:
Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով օրերս նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։
Նշենք նաև, որ պաշտպանության նախարարի երեկվա հրամանով ԶՈւ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։