Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը չի համարում, թե ԼՀԿ-ն կողմ է արտահերթ ընտրություններին, Էդմոն Մարուքյանն արձագանքում է


«​Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին», - իշխող «Իմ քայլից», Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանն» ու արտախորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի մեծ մասը բազմաթիվ պատճառներ են գտնելու արտահերթ ընտրություններից խուսափելու համար։

«​Իրականում իրենք չեն ուզում գնալ արտահերթ ընտրությունների շատ ու շատ պատճառներով՝ մեկը պատրաստ չի, մեկը գիտի, որ չի հաջողելու էդ ընտրություններում, մյուսն ուղղակի քաղաքական գործընթացները տեսնում է Վազգեն Մանուկյանին վարչապետ նշանակելու մեջ, որպեսզի ինքը որևիցե պետական լծակ ստանա, որ կարողանա գալիք ընտրություններին պետական ռեսուրս օգտագործի, ինչպես նախկինում է տեղի ունեցել», - ասաց ԱԺ փոխխոսնակը:

Սակայն, ըստ Սիմոնյանի, խոսքը չի վերաբերում «Բարգավաճ Հայաստանին». «ԲՀԿ-ի պարագայում մենք ունենք մի դեպք, որ իրենք համենայնդեպս պատրաստ են ընտրությունների, իմ գնահատականն է»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ իշխանություններն արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հիմա էլ իրենց առաջարկում են կողմ քվեարկել վերջերս «Իմ քայլի» կողմից շրջանառության մեջ դրված Ընտրական նոր օրենսգրքի նախագծին, ինչին դեմ է «Լուսավորը»։ Իշխող ուժը չէր ընդունել իրենց առաջարկը՝ պարզ համամասնականի փոխարեն, բաց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։

«Օրինակ՝ Էդմոն Մարուքյանին քվեարկում են և՛ Մեղրիում, և՛ Վանաձորում, և՛ Երևանում, և՛ Տավուշում ու մյուս մարզերում և ցանկացած մեկին, ով հայտնի քաղաքական գործիչ է», - ներկայացրեց ԼՀԿ ղեկավարը:

Այնուամենայնիվ, Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է գնալ ընտրությունների թե՛ գործող, թե՛ իշխող ուժի առաջարկած Ընտրական օրենսգրքով, եթե դրանք նշանակվեն մինչև հունիսի 1-ը։

Իսկ արդյոք իշխող ուժից հնչող հայտարարությունները նշանակում են, որ իշխանությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել, Մարուքյանը չի շտապում գնահատական տալ։

«Ես չեմ ուզում կուսակցության մեկ ներկայացուցիչի հայտարարության հիման վրա ասել, որ ամբողջ իշխանությունը չի ուզում գնալ ընտրության կամ վարչապետը չի ուզում գնալ ընտրության: Երբ որ կլինի վերջնական եզրահանգում առ այն, որ այս բոլոր պատրվակների լուսի ներքո իրենք ասում են՝ դե որ չեղավ, որ դե եսիմ ինչ, ուրեմն չենք անում, մենք կարձանագրենք, որ մենք բոլոր զիջումներն արեցինք իրար հետ, ընդ որում՝ դուք ինձ ամենասուր ձևով քննադատել եք նրա համար, որ մենք զիջման ենք գնացել, բայց մարդիկ դա չարեցին», - նշեց ԼՀԿ ղեկավարը:

Իսկ իշխանությունները գործող՝ ռեյտինգայի՞ն, թե՞ նոր՝ պարզ համամասնական Ընտրական օրենսգրքով են ցանկանում գնալ ընտրությունների, իշխող «Իմ քայլում» նաև այդ հարցով են ցանկանում համաձայնություն ձեռք բերել ընդդիմադիրների հետ։ Բայց դա, ըստ Ալեն Սիմոնյանի, արտահերթ ընտրությունների գնալու նախապայման չէ։

«Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այն մասին, որ ռեյտինգային համակարգը պետք է փոխվի, մենք հիմա պետք է քննարկենք և հասկանանք, թե որն է այսօր ավելի կարևոր, այսինքն՝ մենք կարող ենք մի քիչ հետաձգել, օրենսդրությունը փոխել, թե շուտ անենք, բայց հին օրենսդրությունով անենք։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք մեր գործընկերների հետ, որոնք ամենայն հավանականությամբ մասնակցելու են ընտրությունների, լուծված լինեն», - ասաց Սիմոնյանը:

Եթե արտահերթ ընտրություններն անցկացվելու են գործող Ընտրական օրենսգրքով, ապա ավելի լավ է դրանք հիմա չանցկացվեն, կարծում է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, քանի որ, ըստ նրա, դրանք հերթական ոչ քաղաքական՝ քրեաօլիգարխիկ ընտրություններն են լինելու։

«Կուսակցական համակարգի, քաղաքական համակարգի կայացումն այն էլ խորհրդարանական համակարգում, որը քանի դեռ Սահմանադրությունը չի փոխվել խորհրդարանական համակարգ է, չի կայանալու այդ ամբողջը, և վերահսկողական մեխանիզմները, որ նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում են, որին ես շատ թե քիչ ծանոթ եմ, և՛ ընտրակաշառքների պահով, և՛ ֆինանսավորումների վերահսկողության, ֆինանսավորման ապահովման, հազար ու մի հարց կա, որ լուծում է: Նոր օրենսգիրքը շատ լավ հարցեր է լուծում վերահսկողական, բայց եթե չի լինելու դա, եթե հին օրենսգրքով է, ավելի լավ է չարվեն ընտրություններ, ավելի լավ է գնանք սահմանադրական փոփոխությունները գոնե անենք, էս կիսանախագահականը տարեվերջ մինչև ապահովենք, հետո նոր համակարգով պառլամենտ արվի», - նշեց Խուրշուդյանը:

ԲՀԿ-ից էլ չեն հստակեցնում՝ իրենք գործո՞ղ, թե հին օրենսգրքով են ցանկանում ընտրությունների գնալ։ Սակայն ընդդիմադիր խմբակցությունից, Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ևս համակարծիք է՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանականները պետք է կոնսենսուս ունենան։ Իսկ թե ե՞րբ է տեղի ունենալու արտահերթ ընտրությունների հարցով ԲՀԿ առաջնորդի ու վարչապետ Փաշինյանի հանդիպումը, Էնֆիաջյանն ասում է՝ չգիտի։ Նույն պատասխանը նաև Ալեն Սիմոնյանն է տալիս, փոխարենը ԱԺ իշխանական փոխնախագահը վստահ է՝ այդ հանդիպումը կկայանա։

Թե ե՞րբ է տեղի ունենալու Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, կառավարությունից դեռ հստակ օր ու ժամ չեն նշում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG