«Լուսավոր Հայաստան»-ի օրակարգը չի փոխվել և ցանացած պայմանով մինչև հունիսի 1-ը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հակադարձելով իշխող «Իմ քայլից» ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԼՀԿ-ն «պատճառներ է փնտրում արտահերթ ընտրություններից խուսափելու համար»։
«Այսօր, որ Հայաստանում ընտրական օրակարգը դարձել է թիվ մեկ օրակարգ, դա եղել է մեր շնորհիվ՝ մեր զիջումների շնորհիվ։ Մենք էլ, ԲՀԿ-ն էլ հայտարարել ենք, որ էս սեղմ ժամկետում, եթե լինի խորհրդարանը ցրելու գործընթաց, մենք մարդ չենք առաջադրելու։ Էս իշխանությունը չի ուզում, հիմա էլ ասում են՝ «այ եթե Ընտրական օրենսգրքին կողմ քվեարկեք․․․», - ասաց Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարը վերահաստատեց՝ Ընտրական որ օրեսգիրքն էլ ընդունեն և որ օրենսգրքով էլ իշխանությունները գնան ընտրությունների, իրենք մասնակցելու են։
Հարցին, թե իր կարծիքով իշխանությունները պատրա՞ստ են գնալ արտահերթ ընտրությունների, Մարուքյանը պատասխանեց․ - «Ես կամքը [ընտրությունների գնալու] տեսել եմ հանդիպման ժամանակ, դրա համար ես չեմ ուզում կուսակցության մի ներկայացուցչի հայտարարությունով էդ կամքը որևէ ձևով կասկածի տակ դնել»։
Հիշեցնենք՝ օրերս Մարուքյանը հայտարարեց, որ կողմ են արտահերթ ընտրություններին, եթե ընտրությունները տեղի ունենան մինչև հունիսի 1-ը։
Այսօր Ալեն սիմոնյանն իր հերթին հայտարարեց՝ համարում է, որ «Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ ընտրություններ պետք չէ անել, և գտնելու է բազմաթիվ պատճառներ, որպեսզի խուսափի արտահերթ ընտրություններից»։