Մատչելիության հղումներ

Մայր ու աղջիկ Թունյանները չեն լքել Պլեթանց գյուղը. հայկական կողմի ենթադրությամբ` նրանք գերեվարված են


Որտե՞ղ են Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի երկու բնակչուհիները ՝ մայր ու աղջիկ, Վարյա ու Անահիտ Թունյանները։ Հայկական կողմը ենթադրում է, որ նրանք գերեվարված են, Ադրբեջանը, ինչպես շատ այլ հայ գերիների դեպքում, չի հաստատում։

Ադրբեջանցիները Պլեթանց են մտել հոկտեմբերի 9-ին։ Գյուղապետ Անգին Ծատրյանը ոչ մի կերպ չի կարողացել համոզել կանանց, որ հեռանան գյուղից․ - «Ավտոներով սկսեցի կազմակերպել տարհանումը։ Հետո գնացի, իրանց կանչեցի, ասեցի՝ Վալյա, արդեն դրությունը լավ չի, պըտի գյուղից հելնենք։ Ասում ա՝ ես ոչ մի տեղ էլ չեմ հելնում, իմ տունը, իմ տեղը չեմ թողնում»։

Պլեթանցը փոքր, ընդամենը 28 բնակիչ ունեցող գյուղ է Հադրութից 20 կիլոմետրի վրա։ Արցախի հանրային հեռուստաընկերության 8 տարվա վաղեմության տեսանյութում Վարյա Թունյանն է, պատմում է, թե ինչ դժվարությամբ է տուն-տեղ դրել, ամեն ինչ փողով․ - «Ես իմ տունս, իմ օջախս եմ շինել։ Հա՛մ խոխոց պենսիան եմ ստացալ, հա՛մ իմ պենսիաս։ Շիֆեր եմ առալ, ցեմենտ եմ առալ․․․ ուստա փռնալ, տունը շինել»։

Համայնքապետ Ծատրյանն ասում է, որ Վարյա տատիկի որդին արցախյան առաջին պատերազմում է զոհվել։ Ամուսինը նույնպես մահացած էր, վերջին տարիներին մայր ու աղջիկ իրենք իրենց տնտեսությամբ էին ապրում․ - «Վեց հատ այծ էին պահում, մեկ էլ հավ էին պահում, հող էին մշակում»։

Պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղը ռումբերի ու հրթիռների տակ էր, բնակիչները` նկուղներում։ Համայնքապետն ասում է, որ այդ ժամանակ էլ 55-ամյա Անահիտը 87-ամյա մոր հետ նկուղ չէին իջնում։

«Ոչ մեկին չէին ենթարկվում», - հիմա, երբ արդեն իր բնակիչներից ոչ մի տեղեկություն չունի, նեղսրտում է գյուղապետը․ - «Վերջին օրը, արդեն որ թուրքերի պիտի մտնեին գյուղը, գնացել ասել եմ՝ Վարյա ծոծյա, գյուղից հելեք, ասում ա՝ է, թուրքը չի գալու ստեղ։ Դուք փախեք, ասում ա, ես գյուղից չեմ հելնի»։

1991 թվականին էլ ադրբեջանցիները Պլեթանց էին մտել, դարձյալ բոլոր գյուղացիները հեռացել էին, մայր ու աղջիկ՝ մնացել։ «Ասում ա՝ չէ, իմ խմորս հունցած ա, ես ո՞նց պիտի գնամ։ Հաց եմ թխելու, ասում ա․․․ էլի չի ենթարկվել, գյուղից դուրս չի եկել, ոտից վիրավորվել ա, թուրքերը տարել են», - պատմում է գյուղապետը։

Աղջկան այդ ժամանակ ադրբեջանցիները չեն գերեվարել։ Նրան չէին տեսել, որովհետև իջել էր նկուղ մոր ոտքը վիրակապելու համար սպիրտ բերելու։ Վարյա տատիկին ադրբեջանցիները վերադարձրել էին մի քանի շաբաթից։

Գյուղապետն ասում է, որ նա հրաշալի թուրքերեն գիտեր։ Անգին Ծատրյանն էլ է ենթադրում, որ պլեթանցի երկու կանայք գերեվարվել են, քանի որ պատերազմի ավարտից հետո իր որդին փրկարարների հետ գյուղը, մերձակա տարածքները զննել է, մարմիններ չեն գտել․ - «Անձամբ ես Էմ-Չե-Էս-ի հետ իմ տղայիս ուղարկել եմ գյուղ։ Գնացել են էնտեղ, սաղ գյուղը ստուգել են, ինչքան պադվալներ կա, բան կա, գյուղի ձորերը, բանը․․․ ոչ մի բան չեն գտել»։

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով, իրենք տեղեկություն ունեին, որ Մարալ Նաջարյանից բացի, ևս երեք կանայք են պահվում Բաքվի բանտում։ Վարյա ու Անահիտ Թունյաններից բացի, որ ենթադրաբար գերեվարվել են պատերազմի օրերին, նաև Գիշի գյուղից Էլզա Սարգսյանն է, որ նոյեմբերի 11-ին խաղաղության լուրը լսել ու ամուսնու հետ հայրենի գյուղ էր վերադառնում։ Նրանց Արցախ տեղափոխող մեքենայի վարորդը նույնպես գերեվարվել էր, նախորդ տարեվերջին վերադարձվել Հայաստան։ Իսկ նրա ուղևորների՝ տարեց ամուսինների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ որևէ գերեվարված կին իրենց մոտ չկա։

«Չենք բացառում նաև սպանությունը, որովհետև ունենք քաղաքացիական բնակիչների շրջանում օրինակներ, երբ տարեց կանայք, տղամարդիկ սպանվել են իրենց բնակարաններում և թաղվել են բակերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը։

Պլեթանցի համայնքապետը չի կորցնում հույսը, որ իր երկու համագյուղացիները այնուամենայնիվ գերեվարված են ու ողջ են և որ այս անգամ էլ կվերադառնան գերությունից։ Որպեսզի ինչ-որ մի օր նույն 28 հոգով հավաքվեն Հադրութի շրջանի հնագույն բնակավայրերից մեկում՝ Պլեթանցում։

«Ես ուզում եմ գնամ մեր գյուղ։ Ոչ մի տեղ չեմ ուզում, ես ստեղ չեմ կարա ապրեմ։ Չեմ հարմարվում ստեղ։ Մեր Հադրութը․․․ ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Մեր Հադրութը տան, գնանք, ընտեղ ապրենք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG