Մատչելիության հղումներ

Գերիներին վերադարձնելը միջազգային պարտադիր կատարման ենթակա պահանջ է․ Արման Թաթոյան


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ է ուղարկել մանրամասն հաղորդում այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:

Օմբուդսմենը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը։ Դրանով հասարակությանն ու առաջին հերթին գերիների ընտանիքներին պատճառում հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն։

«Մեր գերիների մի մասին ներկայացնում են որպես ահաբեկիչներ։ Դա միջազգային կանոնների բացահայտ խախտում է։ Մեր զինծառայողները այնտեղ են եղել իրենց սահմանադրական պարտականությունները կատարելու համար։ Բացի այդ, մենք ունենք դեռևս ընթացող ռազմական կոնֆլիկտ, հետևաբար անթույլատրելի է նրանց այդպես վերաբերվելը։ Ընդ որում, մենք այնտեղ ունենք, իմ համոզմամբ, ավելի շատ գերիներ, քան Շիրակի մեր տղաներն են, ում իրավունքները խախտում են քրեական հետապնդումով։ Նաև ուզում եմ նշել, որ Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են՝ փորձելով իբր թե ներկայացնել, թե Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ, մյուս կետերի պահանջները և այլն։ Ես ուզում եմ ասել, որ այդ եռակողմ հայտարարության կետը գերիների հետ կապված կետը անգամ եթե չլիներ, միևնույն է նրանք պարտավոր էին վերադարձնել։ Իրենք իբր թե ցույց են տալիս, թե իրենց բարի կամքի արդյունքն է գերիների վերադարձի հարցը։ Մինչդեռ դա այդպես չէ։ Միջազգային պարտադիր կատարման ենթակա պահանջ է», - նշեց Թաթոյանը։

Օմբուդսմենն անընդունելի ու դատապարտելի է համարում նաև Ադրբեջանի՝ հայ գերիներին խումբ-խումբ վերադարձնելու մոտեցումը՝ ընդծելով, որ դա միջազգային կանոնների կոպիտ խախտում է։ Ադրբեջանը պարտավոր է անխտիր բոլոր գերեվարվածներին վերադարձնել՝ առանց նախապայմանների։

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիերի փոխանակում։ Ադրբեջանը պատերազմից հետո գերեվարվածներին համարում է ահաբեկիչներ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ասում է, որ այդ մոտեցումը հետպատերազմական մարդասիրական գործընթացի և միջազգային պահանջների կոպիտ խախտում է և հակասում է եռակողմ հայտարարության 8-րդ կետին․ - «Իրենց գործողությունները բացարձակ հակասական են, և դրա արդյունքում է՛լ ավելի է խճճվում իրավիճակը, որը մենք անընդհատ ներկայացնում են միջազգային հանրությանը։ Նաև թիվ չհրապարակելը իրենց կողմից, անընդհատ ձգձգելը, միջազգային կառույցների հետ կապված խնդիրներ առաջացնելը նույնպես այդ քաղաքականության շրջանակում է։ Առավել ևս՝ այն, որ հայատյաց քաղաքականությունը զարգանում է իրենց մոտ, նորանոր ուղղություններ է ձեռք բերում, դա է՛լ ավելի է արդիական դարձնում մեր գերիների օր առաջ, ժամ առաջ վերադարձը»։

Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի գործընթացը քաղաքականացնելու մասին ամիսներ ի վեր խոսում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մի քանի տասնյակ հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանը արդյունավետ չի համարում նաև Հայաստանի իշխանությունների աշխատանքը. – «Երբ որ Հայաստանը տարածքներ էր միակողմանի տրամադրում Ադրբեջանին և ժամկետները ավարտելուց հետո խնդիրները լուծեց և դեռ գերիները վերադարձված չէին, կարող էր անգամ այդ փուլում խնդիրը բարձրաձայնել, և ինձ համար ակտիվության ցուցանիշ կլիներ, եթե միջազգային հանրությունը այս պահին արձագանքած լիներ Ադրբեջանի կողմից ուժի գործադրման ապօրինությանը և Ադրբեջանի ոչ դեմոկրատ իշխանությունների նկատմամբ սանկցիաներ կիրառած լիներ։ Եթե նման բան չի եղել և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունք է խախտվել, և բոլորը դա ընկալում են որպես բնականոն կյանքի մաս, իհարկե, չեմ կարծում, որ այստեղ աշխատանքներ տարվել են»։

Հայկական կողմի տվյալներով, հայ գերիների թիվն անցնում է 200-ը։ Պաշտոնական տվյալներ հրապարակված չեն։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Մարդու իրավունքների պաշտպանը «Ազատության» հետ զրույցում նաև անդրադարձավ վերջին շրջանում համացանցում հայ գերիների մասին տարածվող ապատեղեկատվությանը։ Նրա խոսքով՝ անթույլատրելի են այնպիսի հրապարակումները, որոնք ոտնահարում են գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները։

Մի քանի օր է ինչ լուրեր էին տարածվում, թե գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձել է, այնինչ քույրը՝ Անի Նաջարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդ տեղեկությունները կեղծ են, քույրը չի վերադարձել, ընդամենը Կարմիր խաչն է նրան այցելել․ - «Բոլորին խնդրում եմ, որ առանց ստուգելու ոչ մի լուր չարտահայտեն, չգրեն, մինչև մեզի չհարցնեն։ Մենք մինչև հիմա Մարալը սպասում ենք և ուրիշ լուր մը չունինք»։

XS
SM
MD
LG