Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան, նախ կհանդիպի ԱԳ նախարարի, ապա վարչապետի հետ


Երեկ ուշ երեկոյան Բաքվից Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն այսօր 10։30-ին կհանդիպի Հայաստանի արտաքին գերատեչության ղեկավար Արա Այվազյանի հետ։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարությամբ։ Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին նախատեսված է Անն Լինդենի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Լինդեի տարածքաշրջանային այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:

«Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացման վերաբերյալ: Սա նոյեմբերի 9-ին ստորագրված [եռակողմ] հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր տարբեր մակարդակներում արդեն կայացել են: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու և այն պատմության մեջ թողնելու համար», - ասել է Ալիևը։

Ապագայի մասին խոսելիս Ալիևը ընդծել է տարածաշրջանային ապաշրջափակման մասին, որը նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանգրի մի մասն է, սակայն ոչ մի խոսք նույն պայմանգրով ամրագրված գերիների վերադարձի մասին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում ընդծեց՝ պաշտոնական Երևանի համար պետք է սկբունքային կետը լինի հենց գերիների վերադարձը և այդ մասին պետք է խոսվի հնարավոր բոլոր հարթակներից, հնարավոր բոլոր միջազգային դերակատարների հետ զրույցներում։

«Չափազանց սխալ կլինի, եթե Հայաստանը էդ ուղղությամբ, այսինքն, էսպես ասեմ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ 9-րդ կետի լուծումների ուղղությամբ անի գործնական քայլեր՝ առանց 8-րդ կետի, այսինքն՝ ռազմագերիների հարցում գործնական ադրբեջանական քայլերի։ Մինչև չի լուծվում և ամբողջական լուծում չի ստանում 8-րդ կետը, չի կարող խոսք լինել 9-րդ կետի ամբողջական լուծման մասին։ Աշխատանք 9-րդ կետի ուղղությամբ, այո, կարող է լինել, սա նույնիսկ կարող է դիտարկվել հենց ռազմագերիների հարցում ինչ-որ լուծումների, ինչ-որ առաջընթացի գնալու ճանապարհներից մեկը, բայց լուծումներին և ամբողջական բավարարվածության լիարժեք իրականացման տեսանկյունից չի կարող 9-րդ կետն առաջ անցնել 8-րդ կետից, և սա պետք է լինի սկզբունքային հարց», - ասաց Բադալյանը։

ԵԱՀԿ գործող նախագահը երեկ Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության` Բայրամովն ասել է, թե եռակողմ համաձայնագրով Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանում պահվող գերիների մասին նա ասել է, թե նրանք Շիրակի մարզից Ղարաբաղ են ժամանել եռակողմ համաձայնագրից հետո և, նորից նրանց որակել է ահաեբկիչներ։ Բայրամովը նաև ասել է, թե Հայաստանը շարունակում է զինվորներ ուղարկել Ղարաբաղ։

Անն Լինդեն իր հերթին նշել է, որ բոլոր գերիների վերադարձը կնպաստի գործընթացների մեղմացմանը։

Քաղաքական մեկնաբանը շատ կարևում է ԵԱՀԿ գործող նախագահի այս դիտարկումը, սակայն ցավում է, որ այս բարձրաձայնումը գործանականում հեռու է արդյունքներից։ Ըստ նրա՝ շատ կարևոր է այստեղ տեսնել Մինկի խմբի համախագահների վարքագիծը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն անմիջականորեն ներգրավված է այս պրոցեսում որպես համակարգող, որը փորձում է եռակողմ ձևաչափով, Հայաստան-Ադրբեջան շփումների միջոցով համակեցության ռեժիմի բերել ռեգիոնը և իր համար թուլացնել նաև ռեգիոնալ մարտահրավերները։ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան որաշկիորեն հետ քաշված են առայժմ, և այստեղ խնդիրն այն է, թե արդյոք երկու այս համանախագահները կակտիվացնեն իրենց գործողություններն արցախյան հարցի ուղղությամբ և ինչ բնույթով ու ինչ տրամաբանությամբ», - ասաց Բադալյանը։

Ի դեպ տարածաշրջանային ճանապարհորդությունից առաջ Անն Լինդեն տեսակապի միջոցով քննարկել էր Արցախում ստեղծված իրավիճակը խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի միջնորդների հետ։

Ավելի վաղ էլ՝ հունվարի վերջին, ղարաբաղյան խնդրի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Թեև պաշտոնական Բաքուն վերջին պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից հետո շարունակաբար պնդում է, թե ղարաբաղյան հարց որպես այդպիսին այլևս գոյություն չունի, ԵՍՀԿ գործող նախագահն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է՝ «դեռ երկար ճանապարհ կա անցնելու մինչև տևական ու կայուն խաղաղություն, և այստեղ կազմակերպությունն անելիք ունի»։

XS
SM
MD
LG