Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը


Լինդեն-Ալիև հանդիպումը Բաքվում, 14-ը մարտի, 2021թ․
Լինդեն-Ալիև հանդիպումը Բաքվում, 14-ը մարտի, 2021թ․

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երեկ ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկելու ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

Առաջին կանգառը Բաքվում էր, որտեղ նա առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:

«Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացման վերաբերյալ: Սա նոյեմբերի 9-ին ստորագրված [եռակողմ] հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր տարբեր մակարդակներում արդեն կայացել են: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու և այն պատմության մեջ թողնելու համար», - ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հաղարդակցության բացումը կօգնի ողջ տարածաշրջանին, դինամիկա կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանը և նոր հնարավորություններ կբացի:

«Դա կարող է հանգեցնել հնարավոր համագործակցության շատ ոլորտներում: Ես արդեն բացահայտ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան», - ավելացրել է նա:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ պատերազմից հետո չորս ամիսները «ցույց են տալիս երկու կողմերի կամքը՝ փակելու այս էջը և ուշադրությունն ուղղելու ապագային»:

Իր հերթին, Լինդեն շեշտել է, որ ԵԱՀԿ-ն «կքննարկի, թե ինչ կարող է անել հակամարտության լուծմանը նպաստելու համար»: Նա նշել է, որ այս համատեքստում առաջնահերթությունն է համարում միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, հումանիտար իրավունքը, խաղաղությունն ու անվտանգությունը:

Ադրբեջանից հետո Լինդեն կժամանի Երևան:

Նշենք, որ այցից առաջ եվրոպացի դիվանագետը Թվիթերում գրել էր՝ «Ղարաբաղյան հակամարտությունը այցի օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնելու»՝ ընդգծելով․ - «ԵԱՀԿ-ն դեր ունի խաղալու տարածաշրջանի մարտահրավերների կայուն լուծումները գտնելու հարցում»։

Ճանապարհորդությունից առաջ Անն Լինդեն տեսակապի միջոցով քննարկել էր ստեղծված իրավիճակը խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի միջնորդների հետ։ «Օգտակար ճեպազրույց ունեցա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ՝ Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցիս նախաշեմին», - գրել էր ԵԱՀԿ գործող նախագահը։

Մինչ այդ՝ հունվարի վերջին էլ, Անն Լինդեն ղարաբաղյան խնդրի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետդեպարտամենտը հաղորդել էր, որ կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են` ինչպես ակտիվացնել Մինսկի խմբի աշխատանքը` օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել հակամարտության տևական և կայուն կարգավորման:

Թեև պաշտոնական Բաքուն վերջին պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից հետո շարունակաբար պնդում է, թե ղարաբաղյան հարց որպես այդպիսին այլևս գոյություն չունի, ԵՍՀԿ գործող նախագահը իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է՝ «դեռ երկար ճանապարհ կա անցնելու մինչև տևական ու կայուն խաղաղություն, և այստեղ կազմակերպությունն անելիք ունի»։

«Իմ այցի ընթացքում ես կքաջալերեմ կողմերին միասին աշխատել դեռևս լուծում չստացած հարցերի շուրջ»,- հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, ընդգծելով, որ այդ հարցում ԵԱՀԿ միջնորդական ջանքերը կարող են շատ օգտակար լինելու երկու կողմի ժողովուրդների համար էլ։

Ավելի վաղ եվրոպացի մեկ այլ դիվանագետ՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարը «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում փաստել էր՝ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գերխնդիրն է ոչ միայն վերսկսել բանակցություններն այս ձևաչափով, այլև մուտքի հնարավորություն ստանալ Լեռնային Ղարաբաղ։ Տայվո Կլարրը ակնարկել էր, որ Բաքուն առայժմ միջնորդների այդ ցանկությանը հավանություն չի տալիս։

44-օրյա պատերազմից հետո խնդրով զբաղվող միջնորդները դեռ Ղարաբաղում չեն եղել։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հունվարի վերջին հայտարարել էր, թե նրանք ունեն նման ցանկություն, «այժմ հանաձայեցնում են մանրամասները բոլոր շահագրգիռ կողմերի հետ», - ասել էր Մարիա Զախարովան, հույս հայտնելով, որ այցը շուտով կկայանա: Թեև այս հայտարարությունից անցել է մոտ երկու ամիս, սակայն, հնարավոր այցի ժամկետների ու պայմանների շուրջ որևէ հստակություն մինչ օրս չկա։

XS
SM
MD
LG