Քննիչի զեկուցագիրը, թե իր էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել և տեղեկություններ ներբեռնել, նույնպես Ազգային անվտանգության ծառայությունում է։
Երկու օր առաջ 168.am-ի հրապարակած տեսանյութում համակարգչի էկրանի տեսագրությունն է, որտեղ երևում է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ ուղարկած մի էլեկտրոնային նամակ, որում ենթադրաբար հանրապետական նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 16 տարի ղեկավարած Ռուբեն Հայրապետյանի և իր որդու քրգործի վերաբերյալ նյութերն են։ Փաստաթղթի աջ անկյունում երևում է, որ այդ նյութերը խմբագրել է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատերը։
«Ազատությունը» չի կարող ասել՝ այդ նամակագրությունը իրակա՞ն է, թե՞ մոնտաժված։
Աննա Վարդապետյանի հետ արդեն երկու օր է մեզ չի հաջողվում կապ հաստատել, կառավարությունն էլ այդ տեսանյութի կապակցությամբ մեկնաբանությամբ հանդես գալ չի ցանկանում։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ընդամենը ասաց, որ մինչև քննչական գործողությունների ավարտը զերծ կմնա մեկնաբանություն տալուց։
Այդ քրեական գործը վերաբերում է նախկին պատգամավորի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից քաղաքացուն ապօրինի ազատությունից զրկելուն և ինքնիրավչությանը։ Ըստ քրեական գործի նյութերի, Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավար Հայկ Շահնազարյանն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։
Բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կենտրոնում գտնված հայր Հայրապետյանը հետախուզվում է, թեև հայտնի է, որ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը պնդում է, թե տեսանյութը պարունակում է պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված հանցավոր խմբին բնորոշ ծանր հանցագործություններ կատարելու փաստեր։ Երեկ Մակինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։
«Աննա Վարդապետյանի կողմից փաստաթղթում կատարվող փոփոխությունները ակնհայտ երևում են», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Մակինյանը։ - «Տեսեք, քրեական դատավարության մեջ էս փաստաթուղթը կազմելու միակ սուբյեկտը քննիչն է։ Որևէ մեկը իրավասու չէ․․․ սա քրեական գործի մեղադրանքի հիմքն է, մեղադրանքը կառուցվում է էս փաստաթղթում նկարագրված փաստերի շուրջ»։
Մակինյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս են ծանոթացել քննիչն ու վարչապետի օգնականը․ - «Էս հարցի պատասխանը Քննչական կոմիտեի ղեկավարից եմ ես անկնկալում։ Ո՞նց եղավ, որ վարչապետի օգնականը և գործով քննիչը կապ հաստատեցին միմյանց հետ և սկսեցին էս քրեական գործով նախաքննությունը ուղղորդել»։
Փաստաբանի խոսքով, երկու օր առաջ, երբ հրապարակվեց այս տեսանյութը, անմիջապես քրեական գործ պետք է հարցուցվեր, համակարգիչներն առգրավվեին․ - «Ես էն համոզմունքն եմ հայտնում, որ էս գործողությունները դեռևս չեն կատարվել։ Այսինքն ի՞նչ է արվում։ Պայմաններ են ստեղծվում, որ էս ապացույցները Աննա Վարդապետյանն ու քննիչը վերացնեն, ոչնչացնեն։ Բայց իրենք վստա՞հ են․․․ Ես վստահ չեմ և համոզված եմ, որ էս տեղեկությունները, որ հրապարակվել են մամուլում, եզակի չեն»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ այլ գործեր էլ են այսպիսի սխեմայով անցնում։ Նրա խոսքով՝ այս դեպքը պետք է պատշաճ քննվի․ - «Պետք է բազմակողմանի ուսումնասիրվի։ Պետք է ուսումնասիրվեն, հաստատվեն կամ բացառվեն այլ գործերով Վարդապետյան Աննայի հնարավոր միջամտությունները և դրանց հետևանքները։ Ես նաև կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը և ոչ Ազգային անվտանգության ծառայությունը»։
35-ամյա Աննա Վարդապետյանն իրավաբան է, 2019-ի ապրիլից մինչև նոյեմբեր Արդարադատության նախարարի տեղակալն է եղել, 2020-ի մարտին նշանակվել է վարչպետի օգնական։