Հետախուզման մեջ գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել: Այն վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող ավելի քան 1,5 միլիոն դոլար արժողությամբ հողակտորն ապօրինի սեփականաշնորհելու դեպքին, փոխանցում է ոստիկանությունը։
Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանի խոսքով՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահն այս քրեական գործով դեռևս որևէ կարգավիճակ չունի։
«Որևէ անգամ չի կանչվել որևէ պետական իրավապահ մարմնի կողմից հարցաքննության: Այն, որ ոստիկանությունն է նախաձեռնել այս գործը հերթական անգամ, էլի իմ համար զարմանալի չի, քանի որ կարծես թե պարոն Հայրապետյանի նկատմամբ իրականացվող այս հետապնդումների շարքը հանձնարարված է ոստիկանությանը, որովհետև բոլոր վարույթների նախաձեռնողը ոստիկանությունն է», - նշեց փաստաբանը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների օգնությամբ կազմակերպել է ֆեդերացիային պատկանող 800 միլիոն դրամ արժողությամբ ավելի քան 26 հազար քառակուսի մետր հողակտորն իր և մերձավորների անունով գրանցելու գործընթաց։ Այնուհետև 2014 թվականին Ռուբեն Հայրապետյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի միության անունից կամովին հրաժարվել է այդ հողակտորից, իսկ ավելի ուշ էլ հողակտորը Երևանի քաղաքապետի ու քաղաքապետարանի պաշտոնյաների հակաօրինական գործողությամբ հանվել է ձևական աճուրդի։
Ըստ ոստիկանության, 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը աճուրդում 169 միլիոն 219 հազար դրամով գնել են Հայրապետյանի հետ փոխկապակցված անձինք, ինչից հետո էլ այն ձևական նվիրատվություններով բաժին է հասել Հայրապետյանի ընտանիքի անդամներին։
Քրեական այս գործն, ըստ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանի, հասարակության ուշադրությունն այլ կարևոր թեմաներից շեղելու նպատակ է հետապնդում։
«Խնդիր կա հասարակության ուշադրությունը շեղել լրջագույն խնդիրներից՝ լրջագույն առողջապահական, լրջագույն տնտեսական, լրջագույն այլ խնդիրներից», - նշեց Մակինյանը:
Ոստիկանությունից նաև հայտում են, որ Ռուբեն Հայրապետյանն իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնվող 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին։ Գործարքից ընդամենը երկու ամիս անց ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ, ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի հետևանքով տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է գրեթե 4 անգամ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի հետևանքով, ըստ ոստիկանության, հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։
Հայրապետյանն որպես մեղադրյալ է անցնում մեկ այլ քրեական գործով։ Նա մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Նույն արարքների համար մեղադրվում է նաև որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ևս 4 հոգի։
Դատարանը մերժել է Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նույն օրը Հայրապետյանի որդին ներկայացել է իրավապահներին։
Դատարանը բավարարել էր Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն վերջինս դեռ չի ներկայացել իրավապահներին, թեև ավելի վաղ նման պատրաստակամություն էր հայտնել։
Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը Մոսկվայում է, հետևաբար Քննչական կոմիտեն դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն ու խնդրել է աջակցել Հայրապետյանին վերադառնալու հարցում։ Դեսպանը հայտարարել էր, որ դիմելու դեպքում կկազմակերպի Հայրապետյանի վերադարձը մայիսի 25-ի Մոսկվա- Երևան չվերթով։ Թռիչքը տեղի է ունեցել, բայց Հայրապետյանը, Հայաստան չի վերադարձել։
Հայրապետյանի պաշտոնավարման տարիներին Ֆուտոբլի ֆեդերացիայում տեղի ունեցած չարաշահումների գործով ևս մեկ քրեական գործ կա հարուցված, այդ գործով Հայրապետյանն ունի վկայի կարգավիճակ։