Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է


Ավարտվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար:

Քննչական կոմիտեն նշում է, որ վերջինս 2016թ. հունվարի 20-ից մինչև 2016թ. մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրերով ստացել է ընդհանուր՝ 57 միլիոն 500 հազար դրամ վարկ, որի մի մասը՝ 18 միլիոն 470 հազար դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, իսկ 39 միլոին 030 հազար դրամը կանխիկացրել է, որից 20 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերությունը հիմնադրելու համար՝ հետագայում կատարելով վարկային պարտավորությունները, իսկ մնացած գումարով կանխիկ կերպով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը:

Ռաֆիկ Հայրապետյանը հոր՝ Ռուբեն Հայրապետյանի հետ, ինչպես նշում է կոմիտեն, տեղեկանալով վերջինիս կողմից վերոնշյալ վարկերը «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ ստանալու և այդ գումարների մի մասը՝ 20 միլիոն դրամը, առանց իրենց գիտության անձնական կարիքների համար ծախսելու, 18 միլիոն 470 հազար դրամը բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ծախսելու մասին, հոր և իր ընկերների հետ նախնական համաձայնությամբ, ինքնիրավչության եղանակով 57 միլիոն 500 հազար դրամը ստանալու նպատակով, վերոնշյալ ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած երիտասարդի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել է նրան, առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար նրանից վերցրել բջջային հեռախոսը, պարբերաբար առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը, ձեռքերով, ոտքերով և մահակներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում, ըստ հաղորդագրության, 2016թ. հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով երիտասարդին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի1 հասցեում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով ու երկու ապտակ հասցնելով նրա դեմքին, վերջինից, պահանջել է նրա կողմից վերցված վարկերի ընդհանուր գումարին մոտ՝ 57.138.000 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար, որը ներառել է նաև ՍՊ ընկերության կարիքների համար ծախսված և ընկերության ֆոնդում առկա միջոցներից արդեն իսկ վճարված 18.470.000 ՀՀ դրամը: Նույն օրը երիտասարդին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է նշված համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել նրան, որտեղ էլ որդու ներկայությամբ, հայհոյանքներ տալով, էլեկտրական մահակով հարվածել է երիտասարդի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով երիտասարդին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում նրա առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Քննչական կոմիտեն նշում է, որ երիտասարդի փախուստը կանխելու նպատակով Ռաֆիկ Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանի հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան: Վերջիններս, այդ ընթացքում նաև կիրառելով հոգեբանական բռնություն, պարտադրել են տնօրենի կարգավիճակ ունեցող երիտասարդին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան:

«Ռաֆիկ Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով երիտասարդին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը: 2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին երիտասարդի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս ընտանիքի անդամները, ընկերները և ընկերուհին: Ռաֆիկ Հայրապետյանը, Ռուբեն Հայրապետյանի հետ նախնական համաձայնությամբ, երիտասարդից և նրա ընտանիքի անդամներից պահանջել է 57 միլիոն 500 հազար դրամը՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 18 միլիոն 470 հազար դրամի շորթում, ինչպես նաև, իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով վերը նշված անձանց հետ ինքնակամ իրականացրել է իր և հոր իրական և ենթադրյալ իրավունքները՝ պահանջելով ևս 39 միլիոն 030 հազար դրամ», - ասված է հաղորդագրությունում:

Իրական համարելով երիտասարդի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները, ըստ կոմիտեի, երիտասարդը Ռաֆիկ Հայրապետյանին է տվել 25 հազար դրամ կանխիկ գումար, 70 հազար դրամ արժողության ոսկյա մատանի, 210 հազար դրամ արժողության ոսկյա շղթա, 238 հազար 075 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջան, 1 միլիոն 428 հազար 450 դրամին համարժեք 3 հազար ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենա, որը նշված արժեքով վաճառվել է, 952 հազար 300 դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենա, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2 հազար ԱՄՆ դոլարը հետ վերցրել՝ նշված գումարի չափով երիտասարդից և նրա ընտանիքի անդամներից պահանջված գումարից հաշվանցում կատարելով, 300 հազար դրամ արժողության «IPHONE 6» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտերում ունեցած 350 հազար դրամը, 10 հազար ԱՄՆ դոլար տվել է ընկերը, երիտասարդի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնց արդյունքում գոյացած գումարը ընկերոջ տված գումարի հետ միասին՝ 18 միլիոն 236 հազար 546 դրամին համարժեք՝ 38 հազար 300 ԱՄՆ դոլար և 240 հազար դրամ կանխիկ գումարը, 160 հազար դրամ ընդհանուր արժողության չորս բրենդային ակնոցները անձամբ, ինչպես նաև խմբի անդամների միջնորդությամբ փոխանցել են Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, իսկ երիտասարդի ընկերուհին խմբի անդամների միջոցով նրանց է հանձնել ընկերոջ կողմից իրեն նվիրած՝ 70 հազար դրամ արժողության հեռուստացույցը և 450 հազար դրամ արժողության ոսկյա զարդերը:

Այդ ընթացքում՝ 2016թ. օգոստոսի 13-ին, ըստ Քննչական կոմիտեի, երիտասարդը տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված տաքսի ծառայության ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, իսկ մեկ այլ օր՝ Երևան քաղաք՝ տարբեր վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար, որից հետո նորից վերադարձրել են «Հարսնաքար» համալիր և շարունակելով հանցավոր ոտնձգությունները՝ ազատությունից ապօրինի զրկված վիճակում պահել են նրան այնտեղ:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ հայր և որդի Հայրապետյանները պահանջել են նաև իրենց հանձնել երիտասարդի տատի՝ Երևան քաղաքում գտնվող՝ ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը, որի ձևակերպման համար անհրաժեշտ օրինականացման գործընթացը կազմակերպվել է նրանց միջնորդությամբ: 2016թ. հոկտեմբերի 18-ին նշված առանձնատան նկատմամբ ձևակերպվել է Հայրապետյանների մտերիմի սեփականության իրավունքը, այնուհետև երիտասարդի կողմից «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ վերցրած վերը նշված վարկերի մնացորդը վճարելուց հետո ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ ձևակերպվել է մեկ այլ անձի անվամբ:

2016թ. օգոստոսի 15-ին Ռաֆիկ Հայրապետյանի որոշմամբ երիտասարդն ազատվել է տնօրենի պաշտոնից, իսկ օգոստոսի 18-ին ազատ է արձակվել: Կոմիտեն նշում է, որ 2016թ. հոկտեմբերի սկզբներին Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ երիտասարդն իր տանից տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն - ֆուդբոլի ակադեմիա՝ Ռուբեն Հայրապետյանի աշխատավայր, որտեղ վերջինս շարունակելով իր հանցավոր գործողությունները, մի խումբ անձանց ներկայությամբ նրանից պահանջել է ընտանիքի անդամների հետ ազատել վերջիններիս՝ վերը նշված առանձնատունը, հնարավորինս արագ վճարել պահանջված ամբողջ գումարի մնացած մասը՝ սպառնալով, այլապես վերջինիս քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության:

Քննչական կոմիտեն նշում է, որ Ռաֆիկ Հայրապետյանը և նրա հանցակիցները վերը նշված հանցավոր գործողություններով երիտասարդին և նրա ընտանիքի անդամներին զրկել են նաև միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով: Նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:

Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա որդու ևս երկու ընկերներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

XS
SM
MD
LG