Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է


Քննչական կոմիտեում շարունակվում է Ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարած, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացված միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող հինգ անձանցից մեկը՝ Վահան Հարությունյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար, ինչը բավարարվել է:

Ավելի վաղ Քննչական կոմտեն հայտնել էր, որ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար, միջնորդություններ են ներկայացվել դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները դատարանը բավարարել էր, իսկ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել:

Վերջինս, ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG